Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններին մասնակցեց ընտրողների ավելի քան 56 տոկոսը: Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էմոտ 25 հազար ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող ընտրողների 56.21 տոկոսը:

Երեք թեկնածուներից առաջինը քվեարկությանը մասնակցեց՝ վերակազմավորված «Օրինաց երկրի»՝ «Հայկական վերածննդի» թեկնածու Արթուր Միսակյանը:

«Պետք է ասեմ, որ մի քանի տեղամասերում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց հնարավորինս օպերատիվ խնդիրները փորձել ենք հարթել: Այս պահի դրությամբ ամեն ինչ կարծես թե կարգին է, բայց ես ակնկալում եմ, որ այսուհետ ևս ամեն ինչ կլինի նորմալ, որովհետև, վերջիվերջո, հրազդանցին պետք է գնա՝ իր խղճի ու համոզմունքի մտոք իր ընտրությունն անի», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միսակյանը:

Վերջին 14 տարիների Հրազդանի քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը ևս չխոսեց ընտրակեղծիքների մասին, միայն հիշատակեց մեկ միջադեպ:

«Սկզբից՝ առավոտվա կողմ, անկայունություն սերմանել ընտրատեղամասերում: Մենք մեր համակիրներին խնդրեցինք որևէ առճակատման չգնան, բայց մի այդպիսի դեպք է կատարվել մեր շտաբի պետի հետ, իրավաբանական մարմինները զբաղվում են», - լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Ավելի վաղ Դանիելյանի շտաբերից մեկի պետ Մաթևոս Ավանեսյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը իր աջակիցների հետ ընտրատեղամասից դուրս իրեն ծեծի են ենթարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցհերքեցին, թե Միքայելյանը որևէ մեկին ծեծել է:

«Ավելի շուտ դա հանցագործության փաստի արձանագրում էր, որը չստացվեց: Պարոն Միքայելյանը անցնելուց է եղել 14 դպրոցի մերձակայքով և իրեն տեղեկացրել են, որ այնտեղ մարդ կա, որը գումար է բաժանում: Մոտենալով այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է գումար բաժանելով և չի մերժել, ի դեպ, դուրս է եկել, հայհոյելով, ասել է՝ լավ եմ անում և դիմել է փախուստի», - «Ազատության» հետ զրույցում պատմեց ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:

Ի տարբերություն «Հայկական վերածննդի» և Հանրապետական կուսակցության թեկնածուների, Սասուն Միքայելյանը պնդեց, որ խախտումներ եղել են, իր շտաբը տեղեկություններ ունի ընտրակաշառքի մասին:

«Շատ դեպքեր է ֆիքսվել ընտրակաշառքի հետ կապված, կարաք ճշտեք շտաբից», - նշեց ընդդիմադիր թեկնածուն:

Միքայելյանի գլխավոր շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արդեն 5 հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որոնցից 3-ն առնչվում են ընտրակաշառքի դեպքերին։

«Գումարներ են բաժանվել և եղած տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ դա արվել է մեծ ծավալներով», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Փաշինյանը:

«Արարատնյուզի» թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ հաստատել են, որ քաղաքում գումար է բաժանվել՝ հօգուտ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի:

Ընտրակաշառքի մասին գեթ մեկ իրեղեն ապացույց չկա, թեև այդ մասին օրեր շարունակ բարձրաձայնել է Միքայելյանի շտաբը, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս Հրազդանում էր։ Նա նաև նշեց՝ առավոտից հետևել է լրատվամիջոցների հրապարակումներին Հրազդանում ընտրությունների վերաբերյալ և նկատել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերը խախտումների մասին մեծամասամբ ապատեղեկատվություն էր։

«Ակնհայտ էր մեզ համար քարոզարշավի ողջ ընթացքում, որ ստեղծվել է քաղաքական որոշակի ուժերի և լրատվամիջոցների դաշինք, որոնց նպատակն էր ոչ թե ընտրությունների և ընտրարշավի անաչառ լուսաբանումը, այլ նպատակաուղղված միակողմանի և խեղված իրականության ներկայացումը: Այս գործելաոճը շարունակվեց նաև, ցավոք սրտի, երեկ՝ լռության օրը», - նաև ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ժամը 18-ի դրությամբ ընտրությունների ընթացքը Աշոտյանը գնահատեց գրեթե անթերի։

«Առավոտվանից հետևել ենք ընտրատեղամասերից եկած լրահոսին, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին: Ուզում եմ փաստել, որ հիմնականում ընտրությունները անցնում են խաղաղ միջավայրում և որոշակի լարվածություն, թեպետ կան մեկ-երկու միջադեպեր, որոնց հետ կապված պատկան մարմինների հետաքննության արդյունքներին կարող ենք սպասել միասին:

Ընտրողների ակտիվությունը ակտիվությունը Աշոտյանին արտառոց չթվաց։ Մինչդեռ հատկապես օրվա առաջին կեսին շատ տեղամասերում հերթեր էին։

«Ժողովուրդ» օրաթերթի լուսանկարիչը Հրազդանում արձանագրել էր նաև «Անվճար բարեգործական երթուղի» մակագրությամբ ավտոբուս, որը մարդկանց էր բերել Աբովյանից։ Հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանը չհերքեց, որ աջակիցներ ունի նաև այլ քաղաքներում, սակայն վստահեցրեց որ վերջիններս եկել էին իրեն պարզապես բարոյապես աջակցելու։

«Իմ համախոհները եկել են ինձ աջակցեն, կիրակի օր ա: Էդ խի՞ չեք ասում, որ՝ էս 20 օր ա Իջևանից, Երևանից, Կիրովականից, Լեննականից մարդիկ՝ ոչ հրազդանցիներ, ստեղ քարոզչություն են անում: Դրա մասին չեք ասում՝ էսօր մարդիկ եկել են, որ ինձ աջակցեն կիրակ օրով՝ ասում եք», - ասաց Դանիելյանը: Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչո՞վ են իրեն աջակցելով այլ քաղաքներից եկած անձինք, թեկնածուն պատասխանեց․ - «Գիտեք՝ աջակցելը կա բարոյական, հոգեբանական․․․ կողքից կայնելով․․․ ի՞նչ պըտի աջակցեն, եթե ստեղի գրանցում չունեն․․․ ի՞նչ պըտի անեն»:

XS
SM
MD
LG