Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շուրջ 20 ընտրախախտման ահազանգ է արձանագրել


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքէջում հրապարակվում են ապրիլի 17-ին Արագաշոտն, Լոռի, Կոտայք մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների մասին ահազանգերը: Երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ նախաձեռնության կայքում արձանագրված է 20 ընտրախախտման ահազանգ:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերում են ընտրատեղամասում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը և ընտրացուցակների հետ կապված խախտումներին: Առավել մեծ թվով ահազանգեր արձանագրվել են Թալինում:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր մարզերի համայնքներում:

Առավել խոշոր համայնքներից` Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքար է ծավալվել գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանի և Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանի միջև:

Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը:

Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:

Ընտրությունները դիտարկելու համար տարբեր տեղական կազմակերպություններից գրանցվել է 114 դիտորդ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գրանցված դիտորդների թիվը 22-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG