Մատչելիության հղումներ

«Առաջնային է ապացուցել, որ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը». նախարար


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

«Առաջնային է ապացուցել, որ այդ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան շփման գծում ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին, հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ռազմական ընդհանուր իրավիճակը ներկայացրած նախարարը պնդեց, որ այդ ապացույցները շատ են։

«Ապացույցներ շատ-շատ կան, առաջին հերթին այդ լայնածավալ, մասշտաբային գործողություններն են ամբողջ շփման գծի երկայնքով, ստորաբաժանումների, ուժերի և միջոցների շարժն է, հակառակորդի՝ խորքից եկած ուժերի և միջոցների առկայությունը առաջին օպերատիվ շարվածքում, ոչնչացված զինծառայողների առկայությունը ԼՂ տարածքում, և մեր զոհված զինվորների դիերը, որ եղել են ՊԲ դիրքերում, և բազմաթիվ այլ ապացույցներ։ Ապացույցներ կան ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերում, որոնք ցույց էին տալիս, որ նպատակները մեծ են եղել, ցանկացել են մեծ խորությամբ մխրճվել ՊԲ հատվածը։ Այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը»,- ասաց Օհանյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև վստահեցրեց, որ հայկական կողմի սպառազինությունը պատշաճ մակարդակի է։ Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն էր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում ասել, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով։

«Մեր ձեռքի տակ եղած ողջ սպառազինությունը պատշաճ մակարդակի է և այդ օրերին՝ մարտական գործողությունների ժամանակ ապահովել է մեր պաշտպանությունը, հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը և համազորային և այլ ստորաբաժանումների համար գործողությունները»,- ասաց Օհանյանը։

Պատասխանելով հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ առաջնագծում ծառայում են սոցիալապես ամենաանապահով ընտանիքների զավակները, Օհանյանը երեք հանգամանք նշեց.- «Հիմնականում միջին և բարձր խավի ընտանիքների երեխաներն են, որ բուհ են ընդունվում և նրանց մեծ մասն էլ հետագայում լրացնում են սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Զինված ուժերում։ Սա մեկ օբյեկտիվ հանգամանք։ Մյուսը՝ կարող է լինեն թերություններ, բայց մենք մաքսիմալ ձգտում ենք դրանք վերացնել, այդ վիճակահանությունն էլ տարեցտարի փորձում ենք ավելի բարձր հիմքերի վրա դնել։ Գումարած դրան կա նաև այսօրվա Հայաստանի իրականությունը, թե ինչ վիճակում է գտնվում ժողովուրդը։ Եթե վերլուծություններ անեք, կտեսնեք, որ դրանք օբյեկտիվ հանգամանքներ են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG