Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարար. ԻՀԿ փաստաթուղթը ամբողջությամբ աղավաղում է ԼՂ խնդրի էությունը


ԻՀԿ գագաթնաժողովի մասնակիցները, Թուրքիա, Ստամբուլ, 14-ը ապրիլի, 2016թ.

ԻՀԿ գագաթնաժողովի մասնակիցները, Թուրքիա, Ստամբուլ, 14-ը ապրիլի, 2016թ.

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճշնելու քաղաքականության: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ի պատասխան News.am գործակալության հարցի ասել է Քոչարյանը՝ շարունակելով. - «Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին»:

«Տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը երեկ Ստամբուլում ավարտված գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում, մասնավորապես, ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար մեղադրում է Հայաստանին՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումները Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում», և իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG