Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կենտրոնակայանում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել կազմակերպությունում։

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Նալբանդյանն ընդգծել է Հայաստանի և ՇՀԿ-ի միջև համագործակցության կարևորությունը, նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման կաևոր հարթակ:

Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսին են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նա հավելել է, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ-ի անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի՝ կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ ստանալը, ընդգծել է, որ ուրախալի է ՇՀԿ-ի ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա Հայաստանի և կառույցի միջև գործակցության զարգացման համար, ինչպես նաև հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG