Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ․ Ադրբեջանցիների նպատակը մինչև Ֆիզուլի հասնելն էր


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի խոցած Mi24G մարտական ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի խոցած Mi24G մարտական ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․

Հայաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների հավաստմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի փաստաթղթերից պարզ է դառնում, որ լայնածավալ գործողություններ ծրագրելով՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել հասնել մինչև Ֆիզուլի։

Խոցված ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերը, լուսանկարը՝ ՊՆ-ի

Խոցված ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերը, լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս եզրահանգմանն են եկել ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, որտեղ քարտեզների վրա նշված է հակառակորդի հարձակման ծրագիրը։

«Հիմնականով, նշանակետեր, որ իրենք վերցրել են, գտնվել է Կարախանբեյլի և Ֆիզուլիի ներքև՝ քաղաքի ներքև, որպես նշանակետեր: Ներքևի մասով դաշտեր են, իրենց հաշվարկներով՝ տվյալ վայրերում պետք է գտնվեին մեր հրթիռահրետանային զորքերի միջոցներ, որոնք իրենք վերցրել են որպես նշանակետեր մարտական գործողությունների սկսման ժամանակահատվածում, որպեսզի իրականացնեն խոցում», - փոխանցեց Մուրադյանը:

Հայկական կողմը խոցել է Mi24G մոդելի ուղղաթիռը, որը ռուսական արտադրության է և արդիականացվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, հրթիռներ, հրանոթներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելեց՝ այդ փաստաթղթերում տեղ գտած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը նպատակ ուներ խոցել մոտակա դիրքերը, հետո անցնել առաջ։

«30 կիլոմետրը ես կարծում եմ՝ հասկացաք ինչի, որ ոչ շատ հեռու լինի, ոչ շատ մոտիկ, անակնկալի բերի և այլն: Հիմա ես մի ուրիշ բան բացատրեմ․ ուրեմն, ա՛յ էս քարտեզի վրա տեսնում եք, չէ՞, սա Արաքսն է, էս՝ սահմանը, ուղղաթիռները պիտի գործեին մոտավորապես էս ուղղությամբ՝ պիտի գային, հարված հասցնեին էս կողմը և հետո՝ դեպի էս դիրքեր: Նշված էր մի քանի դիրքեր էստեղ, մի քանի թիրախներ, այսինքն՝ մեկ դիրքին, հետո՝ մյուս դիրքին, հետո՝ մյուս դիրքին, և հասկանալի է, չէ՞, որ էս մի ուղղաթիռը չէ», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Հասկանալի է, չէ՞, 70 թռիչք է եղել, 70 մարտական թռիչքով, այսինքն՝ երկու-երկու ուղղաթիռ, կամ, չգիտեմ, չորս-չորս ուղղաթիռ, գալիս են հերթով, էսպես կոչված «զախոդները» անելով՝ ամեն մեկը իր դիրքի ուղղությամբ աշխատում, դուրս է գալիս»:

Զինված ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ հայկական կողմը նաև երկրորդ ուղղղաթիռն է խոցել։ Այսօր հավելեցին, որ այն խոցվել է Ղարաբաղի տարածքում, բայց դրանից հետո կարողացել է մոտ 500 մետր թռիչք իրականացրել՝ ընկնելով իր տարածքում: Պաշտպանության նախարարի խոսնակը նշեց, որ հնարավոր է՝ այն կործանվել է վայրէջքի ժամանակ, բայց այդ մասին ապացույցներ չկան։

Անդրադառնալով քննադատություններին, որ հակառակորդի հետ մարտի բռնված հայ զինվորների զինամթերքը որոշ դեպքերում սպառվել է ու նորը հնարավոր չի եղել ստանալ, պաշտպանության նախարարության խոսնակն ասաց՝ եթե անգամ փամփուշտները վերջացել են, դա դեռ չի նշանակում, որ հայկական կողմը զինամթերքի պակաս է ունեցել․ - «Որ զինվորները կրակեցին մինչև վերջին փամփուշտը՝ չի նշանակում, որ զինվորը փամփուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը վերջին փամփուշտը կրակեց, մենք չենք կարող ձեզ պատմել, թե էդ զինվորը էդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում․ կարող է էդ զինվորը էդ պահին կատարեր լրիվ ուրիշ տիպի մարտական խնդիր և իր հետ կրովի ամբողջ մարտապաշարը կրակել է: Միանշանակ բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ»:

«Նույն կերպ, մարտական դիրքում զինվորը կարող է կրակել մինչև վերջին փամփուշտը, որովհետև էդ պահին այս կամ այն դիրքում հրետակոծության պատճառով իրեն հասած աջակից ուժերը չեն կարողացել մոտենալ», - շարունակեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով․ - «Ի վերջո, չմոռանանք՝ սա պատերազմ է, և հակառակորդը կիրառել է ինտենսիվ հրետանային կրակ»:

Ինչ վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը 80-ականների զենք է կիրառել, Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց օրեր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արած դիտարկումը։ «Մեր 80-ականների կամ միգուցե նաև որոշ տեղերում 70-ականների զենքերի կողքին կան գերժամանակակից զենքեր, ինչպես նախորդ օրը նշեց պաշտպանության նախարարը, որ շատերը կերազեին դրանցից ունենային, մեկ: Երկրորդը՝ դա չափորոշիչ չի, թե որ թվականի ինչ զինատեսակ է կիրառվել, խնդիրը զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Ես նորից եմ հորդորում՝ էդ քննադատությունները փորձեք կատարել փաստարկված», - հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Հայկական կողմը հաղորդում է, որ այս գիշեր հակառակորդը կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, ինչի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Խուրշուդյանը: Խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական սահմանագոտում։

XS
SM
MD
LG