Մատչելիության հղումներ

«Առաջվա կռիվը՝ փառք, էս մյուս կռիվը ուրիշ պյան էր»


74-ամյա Գրետա Ղավալյանը 90-ամյա քրոջ և թոռների հետ

74-ամյա Գրետա Ղավալյանը 90-ամյա քրոջ և թոռների հետ

Թալիշում ավերված թողնելով տունն ու խնամքով մշակված այգին՝ տարեց կինը 90-ամյա քրոջ, հարսի ու հինգ անչափահաս թոռների հետ ապաստանել է Չարենցավանում: Գրետա Ղավալյանը կյանքի 74 տարիների ընթացքում երկու անգամ է պատերազմից մազապուրծ փախել, երկու անգամ էլ՝ ուշ գիշերով:

«Մեկ էլ տեսա էդ մոմենտը՝ վուուո՜ւ, մի ձեն եկավ, տունը ծոխը լցվավ: Որ խոսում եմ՝ արդեն դողում եմ: Դե դողում ենք, դողում ենք, վախում ենք, ինչ անենք, ինչ չանենք․․․ նրանք էլ անընդհատ կրակում են հա: Վա՜յ, էն ինչ կրակոց, առաջվա կռիվը՝ փառք, էս մյուս կռիվը ուրիշ պյան էր: Վախ ա է, շատ ա է վախ, ցավդ տանեմ, տենց պյան ո՛չ տեսնաք, ո՛չ լինի՝ ո՛չ տեսնաք, սաղ էն փիս զենքերով ա», - «Ազատությանը» պատմեց Գրետա Ղավալյանը:

Իրինա Ստեփանյանը երեխաների հետ

Իրինա Ստեփանյանը երեխաների հետ

Հակառակորդի կրակոցների տակ սպիտակ քողով դրսում հարսի պար է պարել Իրինա Ստեփանյանը, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ է տարել ու այգի մշակել: 37-ամյա կինն ասում է՝ գյուղում բոլորի ականջն էր սովոր այդ կրակոցներին, բայց երբեք հարևանի տնից ադրբեջանցու խոսք չէին լսել․ պատմում է՝ այս անգամ դա էլ լսեցին: Հիշում է՝ հենց կողքի տան պատուհանից հակառակորդը կրակ է բացել իրենց ուղղությամբ, բայց հինգ երեխաների հետ մի կերպ հաջողացրել են խույս տալ:

«Դե էդ կրակոցները պոստերում լնում ա, մինա-բան տենց տրաքում ա, բան ա անում, դե դա սովորական․․․ Բայց որ տենց միանգամից հարձակվեն, մտնեն գյուղ թուրքերը, էդքան տրաքցնեն՝ չէ, տենց․․․», - պատմեց Իրինա Ստեփանյանը: - «Առաջի տրաքոցը որ ելավ՝ շատ բան, է, ուժեղ տրաքոց ելավ, էդ մոմենտին վեր կացանք: Էրեխեն հլը, էն փոքր տղես տեղի մեջ նստեց, սկսեց լացիլը՝ վախեցավ: Մտանք էն սենյակ, որ մի հատ խփեց «Գրադ»-ը՝ շուշեքը-բանը սաղ ջարդեց թափվեց: Էրեխեն գնաց որ ավտոյի մոտ՝ մեծ տղես, ասեց՝ «պապա, խոսակցության ձեն ա գալիս՝ ոչ հայերեն են խոսում, ոչ ռուսերեն»: Տղաս ասավ՝ «մտեք ավտոն, էրեխեքին հանենք»: Ու սկսին դրանք արդեն ավտոյի ուղղությամբ կրակելը»:

Թալիշից գաղթած Ղավալյանների ընտանիքը 8 հոգով մի հարկի տակ է ապրում Չարենցավանում: Ամեն ինչ Թալիշում թողած փախստականները հարևանների օգնությամբ են ապրում հիմնականում: Նվեր ստացած էլեկտրական սալիկն, ասում են, մի բաժակ սուրճը մի քանի ժամում է եռացնում, տան մանկահասակ երեխան անգամ ստիպված է լինում իր եփվող ճաշին երկար սպասել: Թեպետ քաղաքապետարանը վճարում է տան ու կոմունալ ծախսերը, այդուհանդերձ, փաստաթղթերը կրակի տակ թողնելու հետևանքով չեն կարողանում գազաֆիկացված շենքի մուտքից գազի խողովակը տուն մտցնել՝ բյուրոկրատական քաշքշուկների ու լրացուցիչ ծախսերի են հանդիպում:

«Էս լույսերի, էս ջրի վարձերը կարում չենք հիմա տանք․․․ Որ չկա, փող չկա՝ ինչո՞վ կտանք: Էս ուտելու օգնությունը տվին, բա էս լույսը, ջուրը, վերելակի հարցերը՝ փող ա, էլի, սաղ ուզելու են, պիտի տանք», - ասաց Գրետա Ղավալյանը:

Թեպետ տանը հինգ անչափահաս կա, այդուհանդերձ՝ գրեթե միշտ լուռ են, շունչները պահած՝ լուրի են սպասում: Հարևանի նվիրած փոքրիկ հեռուստացույցը միացնելուն պես կադրերում իրենց տունն ու գյուղի սահմանը պահող տան տղամարդուն են փնտրում:

«Էն տիլիվիզրը էրեգ ես որ միացրել ենք, ասել ենք՝ գյուղի դրությունները իմանանք, սաղ փշրել են, գյուղ չկա, սա՛ղ: Էն ա ցույց ա տում տեսնում անք, լի», - նշեց տիկին Գրետան:

Տարեց կնոջ թոռներն արդեն դպրոց են գնում Չարենցավանում, ինչպես հայրենի Թալիշում՝ այստեղ էլ են տուն վերադառնում բարձր գնահատականներով: Սակավախոս են, տեսածն ու լսածը չեն պատմում, մայրն ասում է՝ մեծերին են հույս տալիս, որ եղածն անցյալում է, միայն թե խաղաղություն ու պատերազմ բառերն են սկսել առավել հաճախ կիրառել:

«Էս պահին ամենաշատը ի՞նչ ես ուզում», - հարցին երեխան պատասխանում է․ - «Որ կռիվը վերջանա, խաղաղություն»: «Որ հիմա գնայիք ձեր գյուղի տուն, ի՞նչ կբերեիք հետներդ», - այս հարցին էլ արձագանքեց․ - «Դակումենտներ»:

74-ամյա տիկին Գրետան գյուղի տանն է սովոր, բազմահարկում իր տեղը չի գտնում: Սպասում է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը փոքր-ինչ կայունանա, որ վերադառնա ու որդու հետ ավերված տունը նորոգի: Հողից կոշտացած ձեռքերը տրորելով պատմում է՝ իր կամքից անկախ է ուզում Թալիշ վերադառնալ:

«Հողը անուշ պյան ա, քաղցր ա, մեզ ձքյում ա: Ես չեմ ուզում, է, ինձ ասում ա՝ եկ», - ասաց Գրետա Ղավալյանը:

XS
SM
MD
LG