Մատչելիության հղումներ

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը ՊՆ-ում


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդի կազմում ներկայացված են ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ԵրՄՄԳ ՓԲԸ տնօրեն Արսեն Թառոյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տնօրենների խորհրդի քարտուղար Լևոն Պետրոսյանը:

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է նաև ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբերսպառնալիքներից:

Կենտրոնը ունի չորս դեպարտամենտ՝ Ուսումնական և որակավորման, Լուծումների մշակման, Կիբերանվտանգության, Ինկուբացիոն: Կենտրոնի շրջանակում հիմնված ռազմական ինկուբատորում մասնավոր թիմեր և ընկերություններ ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

Կենտրոնը դառնալու է պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG