Մատչելիության հղումներ

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, և դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Պերմյակովը պատասխանեց իր շահերի պաշտպան Էդվարդ Աղաջանյանի մի քանի հարցերի, հաստատեց, որ ինքն է մուտք գործել Ավետիսյանների տուն:

Այն հարցին, թե ինչու է ցանկություն հայտնել Հայաստանում ծառայել, Պերմյակովը պատասխանեց՝ «գիտեի, որ լավ է այնտեղ ու լավ են վճարում»:

Տուժողի իրավահաջորդների փաստաբանների համար Պերմյակովի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը անսպասելի չէր, քանի որ նա ռուսական կողմի դատավարության ժամանակ ևս հրաժարվեց ցուցմունք տալուց:

«Ինքը հստակ պատկերացնում էր` որ հարցին պատասխանի, որին՝ ոչ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց տուժողի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը: - «Ինքը, ըստ էության, հրաժարվում էր պատասխանել այն հարցերին, որոնք հետագայում գուցե իրեն խոսելու հնարավորություն տան: Ինքը ի սկզբանե ընդունեց, որ զենքով մտել է Ավետիսյանների տուն, հետո դրանից հետո սկսեց հրաժարվել պատասխանել: Անգամ այն հարցը՝ ճնշում կա՞ քո վրա, թե՞ ոչ՝ հրաժարվեց»:

Պերմյակովը հրապարակված ցուցմունքներում իրեն մեղավոր է ճանաչում: Ըստ հրապարակված ցուցմունքների, նա քաղաքում շուրջ 2 ժամ շրջելուց հետո հասել է Ավետիսյանների թաղ, մի քանի այլ տներ է փորձել մտնել, բայց դռները փակ են եղել, իսկ Ավետիսյանների դարպասի դռնակը բաց է եղել: Ըստ ցուցմունքների՝ միայնակ է մտել Ավետիսյանների տուն, մինչ դռան ապակին կոտրելը տան դուռը թակել է՝ մտածել է մարդ չկա, բայց ամեն դեպքում ինքնաձիգը լիցքավորել է, որ դիմադրության հանդիպելու դեպքում կրակի: Ցուցմունքներում Պերմյակովը նկարագրում է, թե ինչպես է Ավետիսյանների ընտանիքի անդամներին գնդակահարել ու սվին դանակի մի քանի հարված հասցրել 6 ամսական փոքրիկ Սերյոժային:

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է 2015 թվականի հունվարի 12-ին վաղ առավոտյան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու, իսկ ընտանիքի 6-ամսական փոքրիկին՝ Սերյոժա Ավետիսյանին, սվին դանակով ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որոնց հետևանքով երեխան 7 օր հետո մահացել է՝ չնայած բժիշկների բոլոր ջանքերին: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):

Բացի այդ՝ ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքը ապօրինի կրելու համար 2015-ի օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG