Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 15-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որն մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ, քննարկվել են նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցերը, ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները տեղեկացվել են ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին:

«Այդ առնչությամբ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում», - ասված է հաղորդագրությունում:

Ներկայացնելով նիստի ամփոփիչ արձանագրությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ ռազմական անվտանգության սպառնալիքները ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համալիր բնույթ ունեն և շոշափում են քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և կենսական նշանակություն ունեցող մյուս ոլորտները: Դա խաղաղության և անվտանգության ապահովման մեխանիզմները, հավաքական անվտանգության տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացնում:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նաև փաստել է, որ հաշվի առնելով ռազմաքաղաքական առկա իրավիճակը և վերջին իրադարձությունները Կովկասյան տարածաշրջանում՝ նիստի ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնելու և մտքեր փոխանակելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին ապրիլի 15-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Երևան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարները եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG