Մատչելիության հղումներ

Թալինի քաղաքապետի 3 թեկնածուներից 2-ը ահազանգում են «ճնշումների և ահաբեկումների» մասին


Հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Իշխող ՀՀԿ-ի թեկնածու՝ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, մինչդեռ, հավաստիացնում է, թե քարոզարշավը հանգիստ է անցել:

Կիրակի օրը Թալինում կայանալիք` քաղաքապետի ընտրություններից 2 օր առաջ թեկնածուներից երկուսն ահազանգում են ճնշումների և ահաբեկումների մասին։ Պնդում են, թե իշխող Հանրապետականը «ողջ լծակները կիրառում է» սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Թալինի քաղաքապետի աթոռի համար պայքարում են հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը, ՀՀԿ-ի իշխանական գործընկեր՝ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած Գուրգեն Գրիգորյանը։ Մինչ ՀՀԿ-ի թեկնածու՝ գործող քաղաքապետ Արամյանը վստահեցնում է, թե քարոզարշավը հանգիստ է անցել, նրա երկու մրցակիցները հակառակն են պնդում, ասելով, որ քաղաքում վախի մթնոլորտ կա։

Դաշնակցության թեկնածու Տիգրան Հարությունյանն ասում է՝ տեղեկություններ կան, թե իշխող Հանրապետականի վերնախավն ակտիվորեն ներգրավված է ընտրական գործընթացում։ «Դա ազդում է արդար մրցակցության վրա, հատկապես ինտելիգենտ խավի վրա իր բացասական ազդեցությունը կունենա։ Ինֆորմացիա ունենք, որ ահաբեկումներ կան, փաստեր չունեմ»,- ասում է Հարությունյանը:

«Հայկական վերածնունդ»-ի առաջադրած թեկնածու՝ Թալինի նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանն էլ նշում է, թե հենց իր ընտանիքի վրա է զգացել ճնշումները, պատմում է, որ «վերևներից» որդուն կանչել ու հորդորել են՝ հոր քարոզարշավով չզբաղվել: Նման պայմաններում արդար ընտրություններ ակնկալել հնարավոր չէ, ասում է Գրիգորյանն ու հավելում՝ «Բացի հավաքարարներից, մարդ չի մնացել, որ ահաբեկեն, Հանրապետականը։ Եթե չեք կանգնում մեր թեկնածուի կողմը, վաղվանից աշխատանքից․․․ ինչ կառույցներ կա, ահաբեկում են»:

Մինչդեռ, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, ով հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ որոշել է երկրորդ անգամ ուժերը փորձել այդ պաշտոնի համար անցկացվող ընտրություններում, հերքում է մրցակիցների պնդումները, թե իր թիմակիցներն ահաբեկում են ընտրողներին։ Հարցին՝ դժվար չէ՞ արդյոք դաշնակցական մարզպետի պարագայում վերընտրվելը, հանրապետական քաղաքապետն այսպես արձագանքեց՝ «Նորմալ է ընթանում քարոզարշավը։ Մրցակցությունը՝ մրցակցություն, բայց, ի վերջո, ընտրություններ են։ Քանի որ մենք հուշագիր ենք ստորագրել, դաշնակցականները երկու մարզ ունեն, Հանրապետականը պայքարում է իր թեկնածուի համար»։

«Ազատության» հետ զրույցներում թալինցիները նշում էին, թե իշխող Հանրապետականի վերնախավին՝ վարչապետին և «մյուսներին», «մեկ էլ նախորդ ընտրությունների ժամանակ են տեսել քաղաքում»։ Նրանք մատնացույց էին անում քաղաքի քանդված փողոցները, խոսում գործազրկության մասին, թվարկում քաղաքի բազմաթիվ այլ խնդիրներն ու հայտարարում՝ իշխանություններից բարեկեցիկ կյանք են պահանջում:

XS
SM
MD
LG