Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ ԻՀԿ-ն պետք է ազդի Պաղեստինի, Ղարաբաղի, Ղրիմի ազատագրման խնդիրների լուծման վրա


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը: Անկարա, 15-ը ապրիլի 2016 թ․

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը: Անկարա, 15-ը ապրիլի 2016 թ․

Ստամբուլում այսօր ավարտվեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովը:

Երկօրյա համաժողովին, որին մասնակցում էին 56 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, իսլամական աշխարհի առջև ծառացած մարտահրավերների թվում անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Գագաթնաժողովի բացմանը ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Իյաթ Մեդենին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության մասին, հայտարարեց․ - «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Ղարաբաղը: Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն կարող խախտվել»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս իր խոսքում ընդգծեց, որ ԻՀԿ-ն պետք է օգտագործի իր միջազգային հեղինակությունը և ազդի «օկուպացիայի տակ գտնվող Պաղեստինի, Ղարաբաղի, Ղրիմի ազատագրման և մահմեդական փոքրամասնությունների խնդիրների լուծման վրա»՝ կոչ անելով այդ հարցերում որդեգրել միասնական դիրքորոշում:

Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: ԻՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում նա ընդգծել էր Լեռնային Ղարաբաղի հարցում կազմակերպության նախաձեռնողականության անհրաժեշտությունը՝ առաջարկելով հատուկ կոնտակտային խումբ ձևավորել:

Իսլամական աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող գագաթնաժողովը հյուրընկալած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով փակման արարողությանը, հերթական անգամ վերահաստատեց Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում․ - «Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց պայքարում, որը նրանք մղում են շուրջ 25 տարի հայերի կողմից օկուպացված հողերի ազատագրման համար: Չնայած ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի օգտին ընդունված բանաձևերին, հարցը լուծում չի գտնում: Ես չեմ հասկանում, թե ինչու Մինսկի խումբը վերջակետ չի դնում այս խնդրին»:

Ըստ «Անադոլու» գործակալության, Էրդողանը երկկողմ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հետ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի դեպ, Ստամբուլում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գծով գործընկեր Ղազախստանի նախագահ Նուրուլթան Նազարբաևի հետ: Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միության անդամ երկրների համագործակցության ամրապնդմանը, երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

ԻՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ղազախստանում:

XS
SM
MD
LG