Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Մտքեր են փոխանակվել առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները։ Զրուցակիցներն անդրադարձել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։

Նախարարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը:

Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, կարևորել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։

Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշել է, որ ուրախ կլինի այց կատարել Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG