Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաբայանի գնահատմամբ, Ադրբեջանը որդեգրել է «ահաբեկչության մարտավարություն»


Լեռնային Ղարաբաղ – ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի ասուլիսը Ստեփանակերտում, 4-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ – ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի ասուլիսը Ստեփանակերտում, 4-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը, անցած օրվա ընթացքում հայկական կողմից զոհվել են ՊԲ-ի զինծառայողներ Համլետ Այվազի Հաջոյանը և Մանվել Արմենի Գևորգյանը:

Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 միլիմետրանոց, 60 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

«Իհարկե, այս խախտումները իրենց քանակով զիջում են նրան, ինչ եղել է քառօրյա պատերազմի ժամանակ և նույնիսկ նախորդ մեկուկես տարվա ընթացքում, բայց էլի հակառակորդը շարունակել է: Ըստ երևույթին նա որդեգրել է ահաբեկչության մարտավարություն՝ անընդհատ նման քայլերով փորձելու է նյարդայնացնել մեզ, փորձելու է նման ձևով ընկճել մեզ: Բայց չի ստացվելու: Սա ի սկզբանե սխալ մարտավարություն է, որը անպայման ձախողվելու է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը հավաստիացնում է, որ հրադադարի պայմանավորվածությունը միակողմանիորեն է խախտվում Ադրբեջանի կողմից․ - «Մենք զսպում ենք հակառակորդին, և դուք գիտեք, որ դեպք է եղել, որ նրանք փորձել են նույնիսկ ներթափանցել: Իհարկե՝ կասեցվում է: Մենք երբևիցե առաջինը չենք սկսում և չենք խախտում զինադադարի ռեժիմը, ուղղակի դեպքեր կան, որ պարզապես ստիպված ենք զսպել ագրեսորին, թույլ չտալ, որ նա ներթափանցի տարածք: Չեմ կարծում, որ իրենք լայնածավալ պատերազմ նորից կսկսեն, որովհետև ստացել են համարժեք պատասխան, դա՝ մեկ, երկրորդը՝ դա արդեն կլինի լուրջ մարտահրավեր միջազգային հանրությանը և միջնորդ երկրներին»:

Գիշերվա ընթացքում իրավիճակը խաղաղ չի եղել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 14 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG