Մատչելիության հղումներ

logo-print

Բասկյան խորհրդարանն ընդգծում է՝ ապրիլի 2-ի հարձակումը ձեռնարկել է Ադրբեջանը


Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Բասկերի Երկրի խորհրդարանը, ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության, ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումների վերաբերյալ` դատապարտելով ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը:

Դեսպանության փոխանցմամբ, հայտարարությունն ընդունվել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն քվեարկության արդյունքում:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը 95 տոկոսով բաղկացած է էթնիկ հայ բնակչությունից և որը պատմության վայրիվերումների և իր բնակչության շահերից տարբերվող աշխարհքաղաքական այլ շահերի պատճառով մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում։

ԽՍՀՄ-ի փլուզմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի ստեղծմամբ, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տևեց 1988 թվականից մինչ 1994 թվականը՝ պատճառելով հազարավոր մահեր և տեղահանումներ՝ ավարտվելով մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից:

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկել է աննախադեպ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ անձինք, այդ թվում՝ 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր»։

Զինադադարի խախտման առնչությամբ, Բասկյան խորհրդարանը իր խորին մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և հայտնում է իր ցավակցությունը այդ հարձակման արդյունքում երկու կողմերի ունեցած զոհերի համար:

Խորհրդարանը դրականորեն է գնահատում ապրիլի 5-ին երկու կողմերի կողմից զինադադարի վերականգնումը և հույս հայտնում, որ այն կհարգվի, հայցում է, որ չմերժվեն 2012 թվականից ի վեր Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման առաջարկները:

Խորհրդարանը մերժում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: «Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա՝ հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական ձևով և առանց որևէ տեսակի ճնշումների», - ասված է հայտարարությունում:

Բասկյան խորհրդարանը կոչ է անում կողմերին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները և զորքերը վերադառնան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը իրենց զբաղեցրած դիրքեր, և ընդգծում է բանակցությունների գործընթաց վերադառնալու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն խորհրդարանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG