Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հումանիտար նորմերի խախտումները


Դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ

Դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ

Երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ դարձան քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը: Առաջին զոհերից էր 12 տարեկան Վաղինակ Գրիգորյանը, որը սպանվեց իր դպրոցի առաջ «Գրադ» կայանքի հրթիռակոծության հետևանքով, իսկ ևս երկու դպրոցականներ վիրավորվեցին:

Կիրակոսյանն անդրադարձել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի երեք անդամների, այդ թվում՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանի խոշտանգմանը և դաժան սպանությանը:

Հայաստանի դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով:

Կիրակոսյանը նշել է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերը լի էին խոշտանգված հայ զինվորականների լուսանկարներով: «Կարմիր Խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակումից հետո արձանագրվել է, որ հայ զինվորականների մարմինները կրում էին դիակապտության հետքեր», - արտգործնախարարության փոխանցմամբ, ընդգծել է դեսպանը։

Արման Կիրակոսյանը հայտարարել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին և իրենցից ներկայացնում են հիմնարար միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտումներ, և կրում են պատերազմական հանցանքներին բնորոշ բոլոր գծերը:

Արման Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հարուցել են քրեական գործեր՝ հետաքննելու համար իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները:

«Ուշադրություն հրավիրվեց ԵԱՀԿ-ում պաշտոնապես տարածված Արցախի Գլխավոր դատախազության տեղեկատվությանը, որը պարունակում է մանրամասն տվյալներ զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց մասին: Հայկական կողմը կարևորեց կատարված հանցանքների դատապարտումը և դրանց իրականացնողներին պատասխանատվության ենթարկումը», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG