Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Խախտումները վերածվում են միջադեպերի, ՊԲ ևս երկու զինծառայող է զոհվել


Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ապրիլի լույս 15-ի գիշերը, ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը:

Ըստ հաղորդագրության, հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ:

Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 միլիմետրանոց, 60 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

«Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Պաշտպանության բանաի զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանի դեպքը դրա ապացույցն է», - ասված է հաղորդագրությունում:

«Հաշվի առնելով այս հանգամանքը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Ուշ երեկոյան տարածած նախորդ հաղորդագրությամբ էլ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ-ի զինծառայող, 1970 թվականին ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռուստամ Ահմեդովի՝ հայկական կողմի մեղքով զոհվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, այն որակելով «ոչ այլ ինչ, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն»:

«Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է», - ասված էր հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG