Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի Թուրքիայի մասին զեկույցում ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը


Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015 թվականի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։

Այդ պատճառով Թուրքիան չի ընդունում զեկույցը և պատրաստվում է այն վերադարձնել Եվրախորհրդարան։

Reuters-ի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան։

Associated Press-ի փոխանցմամբ, բանաձևում հղում է կատարված նախորդ կոչերին, որտեղ Եվրախորհրդարանը հորդորում էր Անկարային մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ճանաչել ցեղասպանություն։

Վոլքան Բոզքըրը հիշեցրել է, որ Թուրքիան չի ընդունել Եվրախորհրդարանի անցյալ տարվա զեկույցը, որը Անկարային կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանությունը, և այս տարի ևս նույն պատճառով Եվրախորհրդարանի զեկույցը համարում է զրո և անվավեր։

France-Presse-ի փոխանցմամբ, Բոզքըրը ասել է․ - «Մեր պատմության մեջ փուլեր չկան, որոնցից մենք ամաչենք։ Մեր արխիվները բաց են, մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է լուծեն պատմաբանները, պատմությունը չպետք է գրեն քաղաքական գործիչները»։

Մինչ զեկույցը քվեարկության դնելը, Բոզքըրը Anadolu գործակալությանը ասել էր, թե հույս ունեն, որ Թուրքիայի հետ բարեկամությունը գնահատող պատգամավորները չեն ընդունի այն։

Որպես Թուրքիայի համար զգայական և անընդունելի՝ Վոլքան Բոզքըրը թվարկել էր հետևյալ երեք կետերը. առաջին՝ ցանկացած ներառում կամ արտահայտություն «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» մասին, երկրորդ՝ ցանկացած խնդրանք, որ Քրդական բանվորական կուսակցությունը դուրս հանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, և երրորդ՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի դանդաղեցում կամ սառեցում, կամ այդ գործընթացը ապահովող ֆինանսական հիմնադրամների կրճատում։

Սակայն Եվրախորհրդարանում հինգշաբթի օրը Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը ընդունվել է կողմ և դեմ ձայների մեծ տարբերությամբ․ կողմ են քվեարկել 375, դեմ՝ 133 պատգամավորներ։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։

XS
SM
MD
LG