Մատչելիության հղումներ

logo-print

Մեղադրանք է առաջադրվել՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության համար


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է Զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:

Ըստ հաղորդագրության, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։ Նախնական քննության տվյալներով՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Ավետիսյանի, ապա՝ Արամյանի ուղղությամբ: Ավետիսյանը՝ կրծքավանդակի շրջանում, իսկ Արամյանը՝ որովայնի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին, որի ինքնությունը չի հրապարակվում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG