Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն Սպիտակի քաղաքապետի երկու հանրապետական թեկնածուին էլ բարի երթ է մաղթում


Սպիտակ քաղաքը՝ երկրաշարժից 26 տարի անց, արխիվ

Սպիտակ քաղաքը՝ երկրաշարժից 26 տարի անց, արխիվ

Քաղաքի բնակիչները, սակայն, ավելի շատ ղարաբաղյան դեպքերով են մտահոգված ու «միայն խաղաղություն» են ուզում:

Սպիտակի քաղաքապետի աթոռի համար առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններում երկու թեկնածու է պայքարում՝ Սպիտակի նախկին և գործող քաղաքապետեր Վանիկ Ասատրյանը և Գագիկ Սահակյանը: Երկուսն էլ իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են, երկուսն էլ՝ ինքնառաջադրվել են:

Գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ ՀՀԿ-ն երկուսին էլ բարի երթ է մաղթել, քանի որ «կուսակցությունը չէր կարող կողմնապահություն անել»:

Հանրապետական մյուս թեկնածուն՝ Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում հարազատ կուսակցությանը՝ դաշտն ազատ թողնելու համար: Համոզված է՝ Սպիտակում մաքուր ընտրություններ են լինելու: «Ոչ մի դաբրո, կներեք էդ արտահայտության համար, որևէ մեկը չունի: Դա շատ մեծ բան է, պահանջում է մաքուր ընտրություն: Ես ուզում եմ, որ ժողովրդի ձայնով ընտրվի քաղաքապետը, որ կարողանա ժողովրդի համար աշխատել»,- ասում է Վանիկ Ասատրյանը:

Գործող քաղաքապետն Գագիկ Սահակյանը նշում է՝ դեռ անելիքներ ունի, առաջնայինը՝ բնակարանաշինությունն ու աշխատատեղերի ստեղծումն է: «Բազմաթիվ գործարարների եմ դիմել, որպեսզի մեր քաղաքում որոշակի աշխատատեղեր ստեղծեն, իրենց բիզնեսը ստեղծեն քաղաքում, որոշակի ներդրումներ անեն․․․»,- ասում է Սահակյանը:

Նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն էլ է խոսում բնակարանաշինության մասին, ասելով, թե դա իր կիսատ թողած գործերից է, որը փորձելու է ավարտին հասցնել: Երկու թեկնածուներն էլ վստահ են, որ հաղթելու են:

Քաղաքապետի առաջիկա ընտրությունները, մինչդեռ, որոշ սպիտակցիների այնքան էլ չեն հետաքրքրում: «Մեր ուշ ու միտքը մեր բալեքի հետ ա, ովքեր սահմանի վրա կանգնած են ու էսօր զոհվում են, իսկ ստեղ եսիմ ինչեր են մտածում», «լավ-լավ զինվորները մահացան, թե չէ ստեղ ինչ կլինի, կլինի», «մենակ խաղաղություն եմ ուզում», - «Ազատության» հետ զրույցում ասում էին քաղաքի բնակիչները:

XS
SM
MD
LG