Մատչելիության հղումներ

Պուտին․ Հնարավորինս նպաստելու ենք ԼՂ խնդրի կարգավորմանը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի ընթացքում պատասխանում է քաղաքացիների հարցերին, 14-ը ապրիլի, 2014թ․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի ընթացքում պատասխանում է քաղաքացիների հարցերին, 14-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանի նախագահն, այդուհանդերձ, հավելել է՝ վերջնական որոշումն, անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներինն է:

«Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջման հիման վրա»: Այսօր երկրի քաղաքացիների հետ ուղիղ հեռուստակամրջի ընթացքում, անդրադառնալով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ցավոք սրտի, տեղի ունեցավ բռնության այս բռնկումը: Մենք կանենք ամեն ինչ՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար, որպեսզի, ի վերջո, հնարավոր լինի երկու կողմերի համար ընդունելի մի լուծում գտնել: Միանշանակ է, որ Ղարաբաղի հարցում երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ: Նման լուծումների հնարավոր է հասնել բացառապես, թույլ տվեք օգտագործել այս փոքր-ինչ ծեծված ձևակերպումը՝ քաղաքական մեթոդներով, փոխզիջման հիմքի վրա»,- նաև ասել է Ռուսաստանի ղեկավարը, հատուկ ընդգծելով՝ մի քանի տարի առաջ ղարաբաղյան խնդիրը բավական մոտ էր հանգուցալուծմանը:

«Մի քանի տարի առաջ ինձ թվում էր, թե մենք գործնականում մոտեցել ենք երկու կողմից այդ փոխզիջումը գտնելուն, բայց պարզվեց, որ դա, ցավոք սրտի, այդպես չէր: Ե՛վ միջազգային ձևաչափում ենք աշխատելու, և՛ երկկողմ ֆորմատում ենք շարունակելու համագործակցությունը` ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ով ինչ ուզում է, թող ասի, միևնույն է՝ Ռուսաստանը շահագրգիռ է այս հարցի լուծմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք կերպով աշխատել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»,- պնդել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահն, ի դեպ, հատուկ ընդգծել է՝ ղարաբաղյան հիմնահարցը «զգայուն թեմա է»: «Կարծում եմ, որ մենք [ղարաբաղյան հիմնախնդրին] շատ զգուշորեն պետք է վերաբերվենք` առաջնորդվելով հայտնի բժշկական սկզբունքով` «մի՛ վնասիր»: Սա շատ հին խնդիր է, հին հակամարտություն է, որը գտնվում էր սառեցված վիճակում»,- շարունակել է Ռուսաստանի նախագահը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հիշեցրել է Ռուսաստանի տարածքում ապրող այս երկու ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչների մասին: «Մեզ մոտ, Ռուսաստանում, մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ են ապրում` միլիոնավոր մարդիկ: Փառք Աստծո, Ռուսաստանի տարածքում նրանց միջև որևէ խնդիր չկա, ավելին՝ ես գիտեմ հայերի և ադրբեջանցիների, որոնք, չնայած ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել բարիդրացիական միջանձնային հարաբերություններ, և կարծում եմ, որ դա շատ ճիշտ է», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ևս մեկ անգամ նշելով՝ «Ռուսաստանն իր կարողությունների չափով նպաստելու է խնդրի կարգավորմանը: Դրա հետ մեկտեղ, իհարկե, վերջնական որոշումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներինն է»:

XS
SM
MD
LG