Մատչելիության հղումներ

Խաչատուր Քոքոբելյանը ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել ԱԺ


ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, արխիվ:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, արխիվ:

Իշխող Հանրապետականը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով, դեմ կարտահայտվի ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը:

Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ քվեարկած 7 պատգամավորներից մեկն է:

«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարի ձևակերպմամբ՝ չկայացած միությունում Հայաստանն անելիք չունի․ - «Հայաստանը, դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից, հնարավորություն կստանա այլընտրանքների, հնարավորություն կստանա եվրոպական այդ մեծ համայնքին ավելի արագ ինտեգրվելու, և այն պրոբլեմները, որ այսօր ունենք մենք Հայաստանում՝ թե՛ կապված զենքի հետ, թե՛ կապված տնտեսության զարգացման հետ, թե՛ ուղղակի օտարերկրյա ներդրումների հետ, հնարավորություն կստանանք այլընտրանք ստեղծելու, այդ թվում նաև՝ անվտանգության համակարգերի»:

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով, թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ԵՏՄ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից․ - «Եթե նույնիսկ մենք չանդամակցեինք Եվրասիական տնտեսական միությանը և անդամակցեինք Ասոցացման համաձայնագրին, մենք միևնույն է տնտեսական անկում կարձանագրեինք: Տնտեսական անկում են արձանագրում աշխարհի գրեթե բոլոր երկրները»:

«Միայն մի փաստ եմ ուզում բերել․ ըստ Եվրասիական տնտեսական պայմանագրի, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունենա զենք ձեռք բերել երրորդ կողմից, 18 տոկոսը ամբողջ գումարի, ամբողջ գնի արժեքի պարտավոր է փոխանցել ընդհանուր բյուջե: Այսինքն, նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալով մենք կարող ենք ամբողջ գումարի մեկ հինգերորդը՝ մոտ 20 տոկոսը խնայել: Ավելի պարզ ասեմ՝ չորս զենքի, չորս զինամիավորի փոխարեն հինգը գնել», - փաստարկեց Քոքոբելյանը:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») կողմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, որովհետև կարծում է, որ այդ անդամակցության պատճառով Հայաստանը միայն վնասներ կրեց․ - «Դեբատները երբ ընթանում էին, շատերը հիմնավորում էին, որ մենք ունենալու ենք նաև անվտանգության տեսքով օգնություն և երաշխիքներ: Մինչդեռ միքանիօրյա պատերազմը վկայեց, ապացուցեց, որ հայկական Զինված ուժերն են երաշխավորողը, և արհեստական միություններից մենք որևիցե օգուտ չենք ունենալու»:

Ղարաբաղա-ադրբեջանական թեժ բախումներից հետո Ղազախստանի նախաձեռնությամբ Եվրասիական միության կառավարության ղեկավարների հավաքը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումը Հովիկ Աբրահամյանին չխանգարեց մասնակցել նիստին:

«Վարչապետների խորհրդի նիստը Երևանում չանել, դա նշանակում է անուղղակի աջակցել Ադրբեջանի ագրեսիային տարածաշրջանում», - կարծում է Խաչատուր Քոքոբելյանը:

Գագիկ Մելիքյանը, մինչդեռ, ասում է, որ եթե Հովիկ Աբրահամյանը չմասնակցեր Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հավաքին, Հայաստանի նկատմամբ վստահությունը կնվազեր․ - «Ես չեմ ցանկանում, որ մենք հավասարվենք Նազարբաևի Ղազախստանին և հեղինակազրկենք մի միություն, որին նոր ենք անդամակցել և որից ակնկալիքներ ունենք»:

Իր հեղինակած նախագիծը Քոքոբելյանը համարում է «արժանապատվության խնդիր» և դրա ընդունումը անհնար չի համարում: Մասնավոր զրույցներում, ըստ նրա, նույնիսկ ԵՏՄ-ի երբեմնի ջատագովներն են կառույցից դժգոհում․ - «Հուսանք, որ ողջամտությունը, պրագմատիզմը, որ այսօր վերին աստիճանի անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և՛ պետությանը, և՛ մեզ՝ քաղաքացիներիս, ուշ թե շուտ կհաղթի»:

Թե՛ քառօրյայի օրակարգում ընդգրկվելու, թե՛ քննարկման արժանանալու համար նախագծին պետք է կողմ լինի նախ և առաջ հանրապետական մեծամասնությունը: Իշխող ՀՀԿ-ն, Գագիկ Մելիքյանի կարծիքով, դեմ կքվեարկի ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը․ - «Դրա նպատակահարմարությունը ընդհանրապես չկա, և մենք ճիշտ քաղաքականություն ենք իրականացրել՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը»:

XS
SM
MD
LG