Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյան․ Ժամանակը եկել է՝ մեկընդմիշտ Ղարաբաղի խնդիրը լուծելու


Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը վստահ է, որ Պաշտպանության բանակը չպետք է համաձայներ հրադադարին, այլ պիտի փորձեր առաջ շարժվել:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, Ադրբեջանը երկար չի պահպանելու կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը՝ արդեն առաջիկայում նախաձեռնելով նոր հարձակում:

Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկը կարծում է, որ Բաքուն որդեգրել է դիրքային պատերազմի մարտավարություն․ - «Դա որակում են զինադադարի խախտում, ես, դժբախտաբար, կարծում եմ, որ դա կրկնվելու է, և սրանից հետո այսպիսի զինադադարի խախտումները լինելու են այս բնույթի, այս մասշտաբի, այսինքն՝ նրանք մտնելու են մեր տարածք, տրորելու են մի քանի գյուղ, դուրս գալու, մենք ենք մտնելու նրանց տարածք, նույնը անելու և դուրս գալու, և այս ամբողջը, բնականաբար, նախաձեռնությունը հակառակորդի կողմից է գալիս, հեռանկարային իմաստով միայն ի վնաս մեզ է: Մարտավարությունը ընտրված է՝ մեզ հյուծել, մեզ մաշեցնել, թուլացնել»:

Չնայած սպառազինությունների անհամաչափությանը, Ժիրայր Սեֆիլյանը կարծիքով, Պաշտպանության բանակը չպետք է համաձայներ հրադադարին՝ փորձելով առաջ շարժվել․ - «Կատարել մի քայլ, որի պատճառով հակառակորդը պետք է ծնկի գա, և դրա շնորհիվ հաստատվի իրոք լիարժեք խաղաղություն և զինադադար: Մինչև այն ժամանակ, որ այդ քայլը մեր կողմից չի կատարվել, մենք շարունակելու ենք նույնանման հարվածներ ստանալ: Ժամանակը եկել է՝ մեկընդմիշտ էս խնդիրը լուծելու: Մինչև ե՞րբ մենք պարբերաբար այս նույն հարվածը ստանանք, մինչև ե՞րբ 18 տարեկան, 20 տարեկան երեխեք ենք կորցնելու»:

Վերջին տարիներին բացառապես ընդդիմադիր դաշտում գործող Ժիրայր Սեֆիլյանին ռազմական փորձը հուշում է, որ այս առիթից պետք է օգտվել ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակելու համար, ժամանակը ի վնաս հայկական կողմի է աշխատում:

«Հակառակորդը նաև հյուսիսային կողմի մուտքը, որ նրանք կատարել են, առաջին անգամ լինելով՝ Շահումյանի ճակատից են ճեղքել մտել Թալիշ, Շահումյանի ճանապարհով են մտել Թալիշ: Մեր Շահումյանի՝ կարծես մեզ հստակ հուշելով, որ ժամանակը եկել է Շահումյանը ազատագրելու: Ի՞նչն էր խանգարում, որ հենց այդ նույն ուղղությամբ էլ մենք անցնեինք հակահարձակման, ի՞նչն էր խանգարում», - հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը:

Նախկին հրամանատարի գնահատմամբ՝ բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները միայն Ադրբեջանի շահերից են բխում, ուստի գործընթացը պետք է վիժեցնել․ - «Հակառակորդը ասում է, որ ռադներդ քաշեք էս տարածքից: Պիտի ընդունե՞նք նրա պահանջը: Անշուշտ ոչ: Ոչ մի օտար զորքերի ներկայություն արցախյան ճակատում, ոչ մի թիզ հող հակառակորդին․ սա է լինելու հայ ժողովրդի տեսակետը: Բոլոր քաղաքական գործիչները, որոնք շեղվելու են այս գծից, նրանք հայտնվելու են պատմության աղբարկղում»:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին հասել էր քննադատությունը, թե չմեկնեց առաջին գիծ: Նա հակադարձեց, թե անցել են ժամանակները, որ ամեն մեկն իր ջոկատով գնա․ կա կանոնավոր բանակ, որից եթե ստանա հրաման, պատրաստ է ամեն պահի: Բացի այդ, Սեֆիլյանը նաև Սեյրան Օհանյանին առաջարկել է հանդիպել՝ ներկայացնելու իր ծրագիրը: Հայաստանի պաշտպանության նախարարն առայժմ չի արձագանքել:

«Ինչպես օգոստոսյան օրերին, Առանձնակի գումարտակի վարչությունը, մեր ներկայացուցիչները հանդիպել էին Սեյրան Օհանյանի հետ, և այդ օրերին նրա հրամանով մերոնք շրջել էին ամբողջ ճակատով մեկ, ուսումնասիրել էին թերությունները, և գրավոր այդ զեկույցը մենք դրել ենք Պաշտպանության նախարարի սեղանի վրա: Երբ քաղաքական ղեկավարությունը այդ օրերին իմացավ այսպիսի սերտ հարաբերության մասին, անմիջապես արգելվեց Սեյրան Օհանյանին մեր հետ որևէ շփում ունենալ: Բայցևայնպես, մենք այս անգամ նորից այդ քայլը կատարել ենք», - նշեց Սեֆիլյանը:

Վերջին տարիներին բացառապես ընդդիմադիր հատվածում գործող Սեֆիլյանն առաջիկայում հանրահավաքներ չի ծրագրել, բայց չի էլ հրաժարվել իշխանափոխության ծրագրից: Հիմա, ասում է, գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է․ - «Օր առաջ ձևավորելու ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն: Սերժ Սարգսյանը այս խոսքերը լսում է: Այս պահանջը մեր կողմից նոր չի եղել․ մեր շարժման ծրագրի առաջին կետն է: Սակայն հիմա այս դեպքերը ստեղծել են այնպիսի մի վիճակ, որ գուցե Սերժը հասկանա՞, որ շատ ավելի լավ պիտի լիներ՝ նա կամովին նախաձեռներ իր հեռացումը, շատ ավելի լավ պիտի լիներ՝ այսօրվանից իսկ նա սկսեր այդ գործընթացը: Այնպես չլինի, որ հայ ժողովուրդը պոռթկա, և այդ պոռթկման արդյունքում լինի այդ փոփոխությունը, և ինչ-որ ցնցումներով լինի այդ փոփոխությունը»:

XS
SM
MD
LG