Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորն արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Արգո Ավակովի խոսքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը Հայաստանի իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, մասնավորապես անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին և այդ գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը:

Հանդիպմանը քննարկվել է նաև ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG