Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրներն Ադրբեջանը չլուծեց


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարարը համոզված է, որ խաղաղ ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման հնարավորությունը, այդուհանդերձ, առկա է:

Այս ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով, մասնավորապես. - «Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են հայտնի երեք սկզբունքների մասին` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին»:

«Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ եռանախագահներն ասում են, որ պետք է ստեղծել միջադեպերի քննության մեխանիզմ, որը կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլ նաև զսպման մեխանիզմ, այդ առաջարկությունը հնչում է ոչ միայն եռանախագահներից, այլև ՄԱԿ-ից, Եվրամիությունից, տարբեր միջազգային կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ այդպիսի բան գոյություն չունի: <…> Ի՞նչ էր, եթե ոչ ձախողում, երբ Կազանում իրենք, փաստորեն, հետքայլ արեցին գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններից», - շարունակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Բոլորի համար ակնհայտ է, թե ով է սկսել»

«Տարիներ շարունակ Ադրբեջանն իր սպառնալիքներն էր հնչեցնում, տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, հարգել զինադադարի 1994թ. մայիսի համաձայնագիրը և 1995թ. զինադադարի ամրապնդման համաձայնագիրը: Չնայած դրան` Ադրբեջանը ձևացնում էր, թե դա իրեն չի վերաբերում: Հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է սկսել այս գործողությունները: Բոլոր դեպքերում այն զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ գործողությունները», - ասել է Նալբանդյանը, - «Եվ երկրորդը, պարզ է, թե որն էր իր նպատակը. այն, ինչն իրենք բազմիցս ասել էին` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Եվ կրկին ձախողվեց: Ադրբեջանը կարող էր ունենալ իր առջև դրված նվազագույն ու առավելագույն խնդիրներ: Կարծում եմ՝ ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրներն Ադրբեջանը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները: Իհարկե, բանակցություններ վերսկսելն այդքան հեշտ չէ, պետք է համապատասխան պայմաններ ապահովել, և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան»:

«Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան»

Հայաստանի գործընկեր համարվող երկրներից հնչած որոշ հայտարարությունների կապակցությամբ, որոնք, լրագրողի ձևակերպմամբ, «այդքան էլ հայանպաստ չէին կամ նույնիսկ չեզոք չէին», «անկհայտորեն այնտեղ նկատվում էին ադրբեջանահաճո որոշակի տարրեր», Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է․ - «Եթե ի նկատի ունեք ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա այստեղ էլ պետք չէ չափազանցեցնել, որովհետև եթե վերցնենք Եվրամիության երկրներին, ոչ միշտ են Եվրամիության բոլոր երկրներն իրար հետ համաձայն։ Միշտ չէ, որ հայտարարություններ են անում կամ դիրքորոշումներ են հայտնում, որոնք կարող դուր գալ այլ անդամ երկրներին: <․․․> ԵԱՏՄ-ի մեջ մենք չունենք այդպիսի ձևաչափ, որը համադրում է արտաքին քաղաքականության ոլորտի դիրքորոշումները, ինչը մենք ունենք ՀԱՊԿ-ում: Բայց անգամ ՀԱՊԿ-ում են այդպիսի բաներ պատահում: Իհարկե, դա է պատճառը, որ գագաթաժողովներից գագաթաժողով, արտգործնախարարների հանդիպումներից արտգործնախարարների հանդիպում մենք միշտ այդ հարցը բարձրաձայնել ենք, և ոչ միայն մենք, քարտուղարությունը, նաև այլ երկրներ: Իհարկե, պետք է այս ուղղությամբ ավելի համադրված և ավելի արդյունավետ աշխատանք տարվի և համագործակցություն, փոխգործակցություն հաստատվի անդամ երկրների միջև»:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բարձրագույն իշխանության շրջանակներում վերջին օրերին հնչած հայտարարությունների կապակցությամբ էլ, որոնցում, լրագրողի ձևակերպմամբ, «ակնհայտորեն նկատվում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նույնականացում բովանդակության և խորության առումով», Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է․ - «Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5-րդ արձանագրությունը», որին ես բավական մանրամասն անդրադարձել եմ մեր հարցազրույցներից մեկի ընթացքում: Այս շարքը կարելի է շարունակել: Գիտեմ, որ մեր հանրային կարծիքում էլ բավական սուր քննարկումների առարկա է դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից համապատասխան զենք է գնում։ Իհարկե, այսպիսի տրամաբանություն կա, կարծիք է հնչում, որ իբրև դա բիզնես է: Չգիտեմ՝ ընդունել, թե չընդունել այդ փաստարկը, բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, դրանք միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի։ Դա գաղտնիք չէ»:

Վիեննայում ի պահ դեռ չի տրված միայն Կազանի փաստաթուղթը

«Վերջին օրերի զարգացումների հետ կապված՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերլուծելիս փորձագիտական շրջանակներում կարծիք առաջացավ, թե բանակցային սեղանին այժմ նոր փաստաթուղթ է հայտնվել, որն այնքան էլ շահեկան չէ Հայաստանի համար: Կա՞ նման բան», - այս հարցին էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արձագանքել է․ - «Ասել, որ այդքան շահեկան չէ մեզ համար, բայց Ադրբեջանը ստիպված պատերազմական գործողություններ է սկսում, մի քիչ տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է: <…> Ես փորձեմ բացել փակագծերը, որովհետև մինչ այդ չէի ասել, բայց հիմա ասեմ: Աշխատանքային փաստաթուղթ համարվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել: Երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, այդ փաստաթղթերը հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: Ի պահ, այսինքն՝ փակ փաթեթով: <…> Դուք գիտե՞ք՝ որ փաստաթուղթը Վիեննայում ի պահ դեռ չի տրված՝ Կազանի փաստաթուղթը: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Բազմիցս հնչեցին իմ տարբեր գործընկերների կողմից բացատրություններ այս կապակցությամբ: Այո՛, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները, և հայտնի են գլխավոր տարրերը: Գլխավոր էությունն այս բանակցային գործընթացի այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

«Այսինքն՝ սա կարմիր թելով անցնում է ամբողջ փաստաթղթի միջով», - այս հարցին Նալբանդյանը արձագանքել է․ - «Այո՛, բոլոր փաստաթղթերի միջով, ոչ թե մեկ փաստաթղթի»: - «Եվ այստեղից հետքայլ որևէ պարագայում չե՞նք կարող անել»: - «Դուք կարծում եք՝ մենք կարո՞ղ ենք անել»: - «Ես ուզում եմ, որ մենք հասարակությանը հստակ ասենք...»: - «Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել»:

«Պետք է շարունակել բանակցային ուղին»

Չնայած պնդումներին, որ այս ամենի ֆոնին անիմաստ է դառնում բանակցային գործընթացի շարունակությունը, Հայաստանի արտգործնախարարը համոզված է, որ պետք է շարունակել բանակցային ուղին․ - «Եթե կողմերից մեկը փորձում էլ է ֆարսի վերածել, ամբողջ միջազգային հանրությունն այսօր կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ դա բնական է, որովհետև, երբ ասում ենք այլընտրանք չկա բանակցություններին, այդպես էլ կա: Որևէ ռազմական գործողություններ, որևէ պատերազմ չեն կարող հարցեր լուծել: Բոլոր պատերազմներից և բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, միգուցե ավելի վատ պայմաններում, սկսում են նորից շարունակել բանակցությունները»:

«Կարծում եմ՝ որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազմների: Պետք է շարունակել բանակցային ուղին և փորձել բանակցությունների բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը: Կարծում եմ՝ այդ հնարավորությունն առկա է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG