Մատչելիության հղումներ

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը պետք է պնդեր, որ ԵՏՄ վարչապետների նիստը տեղի ունենար Երևանում։

Հայաստանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի համոզմամբ, պետք է մինչև վերջ պնդեր, որ Եվրասիական տնտեսական միության վարչապետների նիստը տեղի ունենար Երևանում, քանի որ, ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծեց նա, ռեալ որևէ վտանգ չկար։

«Դա հերթական անգամ մեր պետության շահերի անտեսումն է, և կառավարության ղեկավարի գնալն այնտեղ, եթե որևէ դարակազմիկ հայտարարությամբ չի ուղեկցվում, ապա դա նշանակում է, որ մեր կառավարությունը հանցակից է Ռուսաստանի գործողություններին և ԵվրազԷՍ-ի գործողություններին՝ տվյալ պահին Արցախում և մասամբ Հայաստանում տեղի ունեցող հումանիտար կատաստրոֆայի համար, որովհետև այսքան մարդկային կյանքերի, նաև արդեն հաստատագրված խոշտանգումների, խաղաղ բնակչության սպանության, երեխաների սպանության պարագայում չարտահայտել դիվանագիտական և քաղաքական բողոքներ՝ ուղղակի պետական մոտեցում չի խնդրին», - ասաց քաղաքագետը։

Սեդրակյանի խոսքով, Հայաստանի պետական իշխանական էլիտան կրկին թույլ է տալիս Ռուսաստանին ոտնահարել Հայաստանի շահերը՝ ի ցույց դնելով այն փաստը, որ կոռումպացված և կրիմինալ իշխանությունները միշտ ունեն ռուսական նմանատիպ կոռումպացված և կրիմինալ շրջանակներում դաշնակիցներ։

Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին և Ռուսաստանից հնչող այն հակափաստարկին, որ «մենք չծախենք, ուրիշն է ծախելու, մարդիկ են կրակում, ոչ թե զենքը», քաղաքագետն ասաց. - «Ես մեջ կբերեմ Ռոգոզինի [Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին] խոսքերը՝ «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զենք գնել որտեղից ուզեն, բայց դա կլինի ի վնաս Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունների»։ Այսինքն՝ Ռոգոզինը քաջատեղյակ է, որ զենքի վաճառքը քաղաքական գործառույթ է, քաջատեղյակ է, որ դրանով նրանք խախտում են դաշնակցային քաղաքական պայմանավորվածությունները, քաջատեղյակ է, որ դրանով նրանք մտադրված վնաս են տալիս Հայաստանի պետությանը, և, այնուամենայնիվ, անթաքույց իմպերիական ցինիզմով, որովհետև այլ կերպ դա որակել չի կարելի, ուզում են հայերին ասել, որ Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունները պետք է ընթանան միայն Հայաստանի կողմից զիջումներով և զոհերով, բայց նման բան այլևս չի կարելի թույլ տալ»։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ Ադրբեջանին զենքի վաճառքը հավասարակշռությունը պահելու համար է, այնինչ այդ զենքը կրակեց։ Հարցին, թե հիմա ի՞նչ պետք է անի Երևանը, Սեդրակյանը պատասխանեց. - «Ես ձեզ ասեմ, որ ոչ միայն զենքը կրակեց, այլև ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումների մասին, որ Մոսկվան քաջատեղյակ էր և Հայաստանին` իբրև դաշնակցի, ոչ մի հետախուզական տվյալ չմատակարարեց։ Զենքը չկրակելու համար պետք է լինի ադեկվատ դիվանագիտական, պետական քաղաքական ստրատեգիա, եթե շարունակենք նույն ոգով, եթե չիրականացնենք այդ պետական ստրատեգիան, զենքը կրակելու է նորից»։

XS
SM
MD
LG