Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետարանը 20 հազարական դրամ միանվագ գումար է հատկացրել փախստական բոլոր ընտանիքներին, վճարում է նաև վարձով բնակվողների տան ու կոմունալ ծախսերի գումարը:

Չարենցավանում ապաստանած թալիշցի 5-ամյա Գրետայի ու հոր՝ Արմեն Հայրապետյանի ամենօրյա զրույցն այս օրերին նույնաբովանդակ է: Էկրանից ամեն օր լուրերին հետևող մեծերի հետ փոքրիկն էլ տեղեկանում է, որ հրետակոծությունից տուժել է իրենց տունը, գյուղի դպրոցն ու իր մանկապարտեզը:

Փոքրիկի հարազատները՝ շուրջ 20 հոգով ապաստան են գտել չարենցավանցի ազգականի տանը․ երկսենյականոց բնակարանում 4 ընտանիք է ապրում:

Կրակոցներին սովոր հայրն ու տատը ահարկու ձայներից են կռահել, որ այս անգամ հակառակորդն առավել հզոր զինտեխնիկա է օգտագործում․ - «92-94 թվականների պատերազմի ժամանակ մենք էլի ինչ-որ տեղ ապահովված էինք, որովհետև ավելի շատ տանկերով էին կրակում, գյուղից վերև էր հիմնականում: Բայց էս անգամ նենց էր, որ հրթիռներ էին օգտագործում, էն էլ ավելի շատ վերևից էր թափվում»:

Եթե Կոտայքի մարզպետարանն աջակցի՝ պատմության ուսուցիչ 33-ամյա Արմենն ու անգլերենի ուսուցչուհի կինը պատրաստ են Չարենցավանի դպրոցներից մեկում աշխատել: Չարենցավանի շուրջ 20 հազար բնակիչների մոտ 30 տոկոսը, սակայն, պաշտոնական տվյալներով, գործազուրկ է: Բնակիչների կեսից ավելին այստեղ արմատներով հենց Թալիշից են:

Քաղաքապետի օգնական Սուրեն Մուրդադյանի խոսքով՝ դա է պատճառը, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող փոքրիկ քաղաքում այս օրերին ապաստանել են հիմնականում Թալիշից գաղթած 134 փախստականներ, որոնց մոտ 40 տոկոսն անչափահաս է․ - «20 հազարանոց քաղաք եկել է 35 ընտանիք․․․ Իմ ունեցած մոտավոր տվյալներով, ամբողջ Թալիշի բնակչությունը եղել է շուրջ 550 հոգի»:

Քաղաքապետարանը 20 հազարական դրամ միանվագ գումար է հատկացրել փախստական բոլոր ընտանիքներին, վճարում է նաև վարձով բնակվողների տան ու կոմունալ ծախսերի գումարը:

Քաղաքի ուսանողները սնունդ և հագուստ են հավաքել նրանց համար: Դա մասամբ մեղմել է նրանց վիճակը, բայց խնդիրներ շատ են․ խրոնիկ հիվանդություն ունեցողներից շատերը տասն օրից ավելի է, չեն ընդունել անհրաժեշտ դեղորայքը, որովհետև չունեն: Գրեթե բոլորը հրետակոծությունից փախել են առանց փաստաթղթերի:

70-ամյա Գրետա Հայրապետյանը չի կարողանում մոռանալ՝ ինչպե՞ս են գլխավերևում պայթող արկերից խույս տալով, մութ անտառներով ու ձորերով փախել մոտակա ապաստարան: Այդուհանդերձ ասում է․ - «Ես ուզիլ չեմ, որ թուրքին էլ մի մազը ծռվի: Մեկ ա, նա էլ ա էրեխա, նրա ծնողը ի՞նչ մեղք ունի․․․»:

Հակառակորդի հրետակոծությունից ընտանիքը փրկած Արևիկի ամուսինը՝ Էրիկ Բաբայանը, վիրավորվել է: Երկու մանկահասակ երեխաների 27-ամյա հայրն արդեն մեկ շաբաթ երևանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է: Կինն ասում է՝ 7 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները տեղեկացրել են՝ սրտից բացի, տուժել են գրեթե բոլոր օրգանները, փայծաղն ու մեկ երիկամը հեռացրել են:

26-ամյա Ռուզան Սարգսյանի եղբայրն ու ամուսինը պայմանագրային զինծառայողներ են, այսօր առաջնագծում են: 7 օրական որդու հետ Թալիշից գաղթած երիտասարդ մայրն արցունքն աչքերին ամեն օր խաղաղություն է խնդրում, լավ լուրի է սպասում․ - «Որ սաղ ողջ լինեն: Մեր ախպերները, մեր ամուսինները: Ուզում եմ ապրեմ նորից Ղարաբաղում, եթե ոչ գյուղում, ապա Ստեփանակերտում»:

XS
SM
MD
LG