Մատչելիության հղումներ

logo-print

«Պապաս հերոս ա դարձել և զոհվել ա»


Զոհված զինծառայող Հրաչ Մուրադյանի ընտանիքը:

Զոհված զինծառայող Հրաչ Մուրադյանի ընտանիքը:

Այսպես է ասում հոր մասին ապրիլի 8-ին Թալիշում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանի կրտսեր դուստրը՝ վեցամյա Արմինեն:

Արմինեն բոլոր տառերը դպրոցում արդեն սովորել է և առաջին անգամ հայրիկին նամակ է գրել ու անվարժ ընթերցում է, ինչպես ինքն է ասում՝ ուրախության և կյանքի մասին գրած իր նամակը․ - «Իմ սիրելի հայրիկ: Որ դու առողջ լինես, չհիվանդանաս․․․»

Հրաչ Մուրադյանի կինը՝ Աննան, պատմում է, որ ամուսինը ապրիլի 2-ին զանգահարել է և ասել, որ արդեն պատրաստվում է տուն վերադառնալ: 19 օր դիրքերում անցկացնելուց հետո ամեն անգամ Ղարաբաղից Երևան էր գալիս: Բայց ավելի ուշ զանգահարել է և ասել, որ մի քանի օր էլ մնալու է:

Աննան այդ օրը հեռուստացույց չէր հասցրել դիտել և չգիտեր, որ ռազմական գործողություններ են սկսվել: Ավելի ուշ Հրաչը զանգել և վստահեցրել է, թե իրենք ռազմական գործողություններից շատ հեռու են գտնվում, և անհանգստանալու կարիք չկա: Սակայն հետո Աննան իմացել է, որ ամուսինը մասնակցել է Թալիշի դիրքերի համար մղված մարտերին: Իսկ ապրիլի 7-ին մահացու վիրավորում է ստացել, երբ փորձել է կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը:

«Թշնամու տանկը մոտեցել էր իրենց, կրակեցին, վիրավորեցին ընկերոջը: Ամուսինս փորձել է սողեսող բերել իրեն խրամատի մեջ, որպեսզի օգնություն ցույց տան: Այդ ընթացքում թիկունքից իրեն են կրակում, արդեն մահացու է լինում», - պատմեց Աննան:

Նա վերհիշում է ամուսնու հետ անցկացրած վերջին օրերը․ ասում է՝ սովորականից ավելի ուշադիր էր, մինչև Ղարաբաղ մեկնելը օրը 2 անգամ ավագ դստեր հետ հեծանիվ վարելու էին գնում։ Ուզում էր հասցնել դստերը վարել սովորեցնել:

Աննան չի աշխատում, խնամում է 3 մանկահասակ երեխաներին: Ասում է՝ Հրաչն էր ընտանիքը պահում ու վարձակալած բնակարանի համար վճարում: Ճիշտ է, հիմա ազգականները օգնում են, բայց նա հասկանում է, որ այդ օգնությունը մշտական չի լինելու․ - «Մի քիչ դեռ շոկային վիճակի մեջ եմ գտնվում: Երբեմն քեզ թվում ա, թե ինքը դեռ ծառայության մեջ ա, կզանգահարի: Բայց երբեմն էլ իրականության մեջ ես ընկնում, ու այդ ժամանակ շատ ցավ ես զգում: Չեմ պատկերացնում ինչ ա լինելու: Դե ես կաշխատեմ ամեն ինչ անեմ երեխաներիս համար, ուժ կգտնեմ իմ մեջ՝ ոտքի կանգնելու: Ոչ բոլորն են մշտապես կարողանալու աջակից լինել»:

Աննայի հետ զրուցելիս դպրոցից ու մանկապարտեզից տուն վերադարձան մյուս երկու երեխաները՝ 7-ամյա Գոհարը և 2-ամյա Սամվելը:

Հրաչի որդին քչախոս էր, ավելի շատ ուսումնասիրում էր անծանոթ հյուրերին: Իսկ Գոհարն անմիջապես զրույցի է բռնվում, պատմում է, որ հայրիկն իրեն հեծանիվ վարել ու շախմատ խաղալ է սովորեցրել: Ապա պատմում է, թե հայրը ինչպես է ծանոթացել մոր հետ, ինչ աշխատանքներ է կատարել մինչև զինծառայությունը և ինչպես է հերոս դարձել․ - «Որ գիշերը իրա ընկերոջը վիրավորեցին, պապան փրկեց ընկերոջին, բայց իրա հետևից կրակեցին մեջքին, ու ինքը հիմա չկա էլ»:

«Հերոս ա դարձել ու Աշխեն տատիկի հետ վերև ա բարձրացել ամպերի մոտ», - քրոջը լրացնում է Արմինեն։

Հետո քույրերով պատմում են իրենց երազանքներին մասին․ մեկն ուզում է բժշկուհի, մյուսը՝ նոտար դառնալ: Ասում են՝ հայրիկի հետ են մտածել․ - «Ես ու պապաս էինք որոշել: Իմ ու պապայիս երազանքն էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG