Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան․ «Հաջորդ նիստը Երևանում կանցկացվի»


ԵՏՄ վարչապետների հավաքի մասնակիցները, Գորկի, 13-ը ապրիլի, 2016թ․

ԵՏՄ վարչապետների հավաքի մասնակիցները, Գորկի, 13-ը ապրիլի, 2016թ․

Երևանյան հանդիպումը չեղարկելու առնչությամբ, ՏԱՍՍ-ը վկայաբերում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը՝ պատճառը տեխնիկական է:

Մոսկվայի մարզի Գորկի քաղաքում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախաստանի վարչապետները, Ղրղըզստանի փոխվարչապետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Այս հանդիպումը պետք է անցկացվեր ապրիլի 8-ին Երևանում, բայց Լեռնային Ղարաբաղում ապրիլյան բախումների պատճառով Ղազախստանը միջնորդեց, որ այն անցկացվի Մոսկվայում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ նիստը Երևանում անցկացնելու հարցում, նաև ասել է, որ երևանյան նիստին քննարկվելու են նավթի և նավթամթերքների միասնական շուկա ստեղծելու հայեցկակարգի հետ կապված հարցեր:

Անդրադառնալով այսօրվա նիստին, Տիգրան Սարգսյանն ասել է, թե քննարկել է Եվրամիության ու Չինաստանի հետ ԵՏՄ-ի համագործակցության զարգացման ռազմավարությունը: Հարցերի մեկ այլ խումբ էլ վերաբերել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականությանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, թե ԵՏՄ-ի գործունեությունը կայունացնող ազդեցություն է թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա՝ գլոբալ տնտեսական անկայունության պայմաններում: Մեդվեդևը գործընկերներին առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել: «Մենք պայմանավորվել էինք հանդիպել երկու ամիսը մեկ, բայց դա հազվադեպ է ստացվում: Օրակարգի հարցերը կուտակվում են, դա լավ չէ, պետք է օպերատիվ շփումներն անցկացվեն ավելի կանոնավոր»,- ասել է ՌԴ վարչապետը:

Այսօրվա հանդիպումը Երևանից Մոսկվա տեղափոխելու առնչությամբ, ՏԱՍՍ-ը բերում է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը, ով, ըստ գործակալության, ասել է, թե տեղափոխման պատճառը տեխնիկական է:

XS
SM
MD
LG