Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի շտաբը ահազանգում է, թե գործող քաղաքապետի թիմը ընտրակաշառք է բաժանում


Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը նիստ է գումարում: 26-ը փետրվարի, 2016 թ․

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը նիստ է գումարում: 26-ը փետրվարի, 2016 թ․

Գալիք կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցներն ահազանգում են, թե տեղեկություններ ունեն, որ գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի թիմը ընտրակաշառք է բաժանում:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը և կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում են, որ ընտրակաշառքի ահազանգերից մեկի հետքերով գնացել են Դանիելյանի ընտրական շտաբ, որտեղ ենթարկվել են հարձակման:

«Մի անձնավորություն ներկայացավ որպես շտաբի ղեկավար: Հարցրեցի՝ հնարավո՞ր է սենց բան լինի․․․ մնացածը գիտեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով տեսանյութը, որտեղ նշված անձնավորությունը սպառնում է իրենց: - «Երկաթյա ձողով փորձեց հարվածել, կոչ էր անում ներկաներին մեզ և իմ մեքենան ջարդուխուրդ անեն: Հետագայում, երբ հասկացա, որ իրավիճակը սրվում է, որոշեցի, որ ավելի ճիշտ է գնալ: Դուրս գալու ընթացքում հարվածեց ձեռքիս, որպեսզի տեսախցիկը վնասի: Ոստիկանություն զանգահարեցինք»:

Սիմոնյանի պնդմամբ՝ իրենք ավելի քան երկու ժամ անցկացրել են ոստիկանության բաժանմունքում, սակայն իրենց վրա հարձակվողին բերման ենթարկվելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվել:

Միջադեպի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն ՝ նշելով, որ հարուցվել է քրեական «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Գործի քննությունն իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը:

14 տարի Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Դանիելյանը «Ազատության» հետ զրույցում ժխտեց հարձակման մասին լուրերը․ - «Ոչ մի հարձակում էլ չի եղել»: Իսկ հիշեցմանը, թե կա հարձակումն արձանագրած տեսանյութ, հակադարձեց․ - «Էտի կարան ամեն ձևի ներկայացնեն»:

Ահազանգելով երեկ ու այսօր մրցակցի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին լուրերին՝ Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական մարմինները գործում են ոչ պրոֆեսիոնալ․ - «Այդ օպերատիվ տեղեկություններից ոչ մեկը, փաստորեն, ոստիկանություն չէր հասնում: Սա նշանակում է, որ Հրազդանի ոստիկանական մարմինները կամ չեն տիրապետում քաղաքի օպերատիվ վիճակին, կամ լռում են փրկագնի դիմաց»:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենք ընտրակաշառքի մասին հաղորդում չեն ստացել ու, հետևաբար, որևէ գործողություն չեն ձեռնարկել:

Գործող քաղաքապետը ժխտեց նաև իր թիմի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին լուրերը․ - «Ոչ մի ընտրակաշառք չկա: Մենք քարոզչություն ենք անում»:

«Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակը, մինչդեռ, պնդում է, թե անձամբ է տեսել ընտրակաշառքի բաժանումը: Նա պնդեց, որ նկարահանել է մի տարեց կնոջ, որը թոռնուհու անձնագրով եկել էր 10 հազար դրամ ընտրակաշառք ստանալու:

XS
SM
MD
LG