Մատչելիության հղումներ

Կառավարությունն այս շաբաթ կհանձնարարի «քննարկել և ստորագրել» ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը


Ռուսական արտադրության «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զենքի ցուցահանդեսի ժամանակ, արխիվ

Ռուսական արտադրության «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զենքի ցուցահանդեսի ժամանակ, արխիվ

Հայաստանի կառավարության առաջիկա՝ ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված նախագծի, մասնավորապես, ֆինանսների նախարարին հանձնարարվում է իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը և Ռուսաստանի համապատասխան մարմինների, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ընկերության հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Հիշեցնենք, անցյալ տարվա հունիսի 26-ին ստորագրված համաձայնագրով ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Հայաստանը սպառազինություն է ձեռք բերելու Ռուսաստանից: Այս ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր արագացնել սպառազինության մատակարարման պայմանագրի կնքումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG