Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի ԵՏՄ վարչապետների նիստին


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի վաղը Մոսկվայում կայանալիք Եվրասիական միության վարչապետերի նիստին:

Ղարաբաղա-ադրբեջանական թեժ բախումների ֆոնին Ղազախստանի նախաձեռնությամբ ԵՏՄ երևանյան նիստի տապալումը քննադատել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, շեշտելով, որ հրաժարվելով մասնակցել Երևանում ծրագրված միջոցառմանը գործընկերները գցեցին Եվրասիական միության հեղինակությունը:

Երևանի փոխարեն Մոսկվայում հավաքվելու որոշումը քննադատեց նաեւ Հովիկ Աբրահամյանը, սակայն մոտ մեկ շաբաթ մտածելուց հետո, ի վերջո չհրաժարվեց վարչապետերի հանդիպմանն անձամբ ներկա գտնվել:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Մոսկվա մեկնելը լուրջ սխալ է համարում:

«Դա չպետք է լինի պահի տակ հայտարարություն, որպեսզի հանդարտեցնի հասարակական ցասումը, այլ պետք է լինի մտածված քաղաքականություն: Իսկ այդ քաղաքականությունը, եթե մի քիչ մտածվեր, թելադրելու էր Մոսկվայի հանդիպմանը չմասնակցելու անհրաժեշտությունը», - ասում է Արզումանյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, սակայն, վստահ է՝ մեկնելու որոշումը ճիշտ էր: Ըստ Նիկոյանի՝ չի կարելի զգացմունքներով առաջնորդվել կարևոր որոշումներ ընդունելիս:

«Մենք պետք է մեր համագործակցությունը կառուցողական Եվրասիական տնտեսական միությունում իրականացնենք, ինչքան էլ այս պահին ունենանք որոշակի դժգոհություններ», - ասում է Նիկոյանը, - «Ոմանք ասում են, որ՝ տեսեք, Ադրբեջանին զենք է տվել, թեև մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Այո՛, մենք դժգոհ ենք, պարբերաբար քննադատել ենք, հիմա էլ մեր դժգոհությունը ամենաբարձր մակարդակով արտահայտել ենք, բայց միևնույն է, մենք պետք է նաև գիտակցենք, որ այդ կառույցին անդամակցելով նաև մենք կարողացանք այնպիսի բանակ ունենալ, որը 4 օրվա պատերազմում զենքի վրա միլիարդավոր դոլարներ ներդրած Ադրբեջանի ատամները ջարդել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, Երևանում նախատեսված նիստը տեղափոխելն ապտակ էր Հայաստանին և այդ ապտակին այժմ մասնակից է դառնում նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատգամավորը վստահ է՝ եթե նիստն այդչափ կարևոր էր և չբացակայելու կամ տեղում տեսակետ հնչեցնելու հարց կար, ապա կարելի էր ավելի ցածր մակարդակով ներկայանալ:

«Եթե ցանկանում էին չբացակայել և ունեին հստակ ուղերձ այնտեղ հնչեցնելու, ապա այդ ուղերձը չպետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետության վարչապետի միջոցով», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG