Մատչելիության հղումներ

logo-print

Շավարշ Քոչարյան․ Թուրքիայի որևէ միջամտություն միայն վնաս է հասցնելու


Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով News.am գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները, Հայաստանի փոխարտգործնախարարը, մասնավորապես, ասել է․ - «Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Բաքվի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են»:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում փորձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:

«Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարն, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը», - հավելել է փոխարտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ՝ «մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG