Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հայաստանում են միանգամից 5 նոլեբյան մրցանակակիրներ, ովքեր կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես կգան բաց դասախոսություններով:

Աննախադեպ այս միջոցառման կազմակերպիչներից Երևանի բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ոչ թե Հայաստանում գիտության ոլորտում արձանագրված հաջողությունների, այլ հեղինակություն վայելող հայ գիտնականների հետ անձնական կապերի շնորհիվ է այսօր Հայաստանը հյուրընկալում ականավոր մրցանակակիրներին: Նա ընդգծեց, որ ստեղծվել է հնարաշալի հնարավորություն՝ հասկանալու, որ գիտությունը պարզապես թեկնածուական կամ դոկտորական թեզի պաշտպանություն չէ․ գիտնականը իրական փոփոխություն ստեղծողն է:

«Գիտական, կրթական միջավայր է պետք ստեղծել», - ասաց Ենկոյանը՝ շարունակելով․ - «Եթե դա ստացվի, համարեք, որ սերնդի համար լուրջ գործ է արվել»:

Երևան ժամանած հինգ աշխարհահռչակ գիտնականներից երեքը իսրայելցի են: Հայաստանի նման փոքր տարածք և սահմանափակ բնական պաշարներ ունեցող Իսրայելը գիտական տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներով աշխարհի առաջատար երկրներից է:

Կենսաբան Աարոն Չեհանովերը առաջին գիտնականն էր, որ Նոբելյան մրցանակը հայրենիք տարավ:

«Չգիտեմ` կկարողանա՞նք փոխել աշխարհը, թե՞ ոչ, բայց մեր երկրում մեծ ջանքեր են գործադրվում գիտությունը զարգացնելու ուղղությամբ: Հիմնական նպատակը մարդկանց զարգացումն է: Գիտությունը մեզ համար տնտեսության շարժիչն է, այսինքն զուտ մրցանակներ ստանալու համար չէ գործ արվում: Գիտությունը շոգեքարշի պես երկիրն իր ետևից է տանում», - ասաց Չեհանովերը:

Նա միակն է հնգյակից, որ երկրորդ անգամ է Հայաստանում և քիչ թե շատ պատկերացում ուներ երկրի գիտական ներուժի մասին: Նրա համոզմամբ՝ միայն մտքի թռիչքը քիչ է, գիտությունը ֆինանսներ է պահանջում․ - «Հայ գիտնականները մեծ ճիգեր են գործադրում, բայց ավելի շատ բան անելու կարիք կա: Պետական սուղ բյուջե ունեցող երկրները պետք է կարողանան համագործակցության եզրեր գտնել Եվրամիության հետ: Նրանք գիտության համար շատ փող են հատկացնում»:

Միջին Արևելքից առաջին կին նոբելյան մրցանակակիրը ևս Իսրայելից է` քիմիկոս Ադա Յոնաթը:

Հինգ տարի առաջ այս պատվավոր մրցանակին արժանացավ իսրայելցի Դան Շեխտմանը, ում բացահայտած կիսաբյուրեղային նյութերը ապագայում կարող են լայն տարածում ունենալ բազմաթիվ ոլորտներում` սկսած կերպարվեստից մինչև խոհարարական սարքավորումների արտադրությունը:

Հաջողության գրավականը, ըստ Շեխտմանի, հնարավորիս վաղ տարիքից երեխային կրթելն է․ - «Ես հավատում եմ, որ ամեն ինչ սկսվում է մանկապարտեզից, երբ երեխան դեռ 5 տարեկան է: Իսրայելում ես դաս եմ տալիս մանակապարեզում: Նաև ազգային հեռուստաընկերությամբ հաղորդում եմ վարում երեխաների հետ: Երկու-երեխա փոքրիկ գալիս են մոտս, սկսում ենք գիտությունից խոսել: Ամեն ինչ սկսվում է կրթությունից»:

Նոբելյան օրերին, իսրայելցի գիտնականներից բացի, կմասնակցեն նաև ավստրալացի Ռոբին Ուորենը և ճապոնացի Էյիթի Նեգիսին` ներկայացնելով իրենց հայտնագործություններն ու ձեռքբերումները:

Երկուսն էլ Հայաստանի մասին շատ բան չգիտեն:

«Հայաստան ասելիս միայն ցեղասպանություն եմ հասկացել», - ասաց Ռոբին Ուորենը՝ ավելացնելով, որ մի քանի օրվա ընթաքցում թերևս կհասցնի այստեղ էլ նոր բացահայտումներ անել:

Ճապոնացի Էյիթի Նեգիսին վստահ է, որ գիտությունը ազգ ու երկիր չի ճանաչում: Անգամ փոքր հնարավորություններով երկրները կարող են մեծ նվաճումներ արձանագրել․ - ««Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում կարող է մեծ ավանդ ունենալ գիտության մեջ, և հայերը բացառություն չեն»:

«Գիտությունը երկրի զարգացման հիմքն է, սակայն այն պետք է ծառայի խաղաղությանը», - ասում էր հյուրի կարգավիճակով միջոցառմանը ներկա Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդունում է, որ գիտությունն այսօր ֆինանսական աջակցության պակաս ունի՝ ընդգծելով, որ պետք է գտնել ազգի ներուժի համախմբան մեխանիզները․ - «Այսօր փաստենք, որ մենք այդ ճանապարհը դեռ չենք ավարտել և՛ որպես պետություն, և՛ որպես հասարակություն, և՛ որպես ժողովուրդ»:

XS
SM
MD
LG