Մատչելիության հղումներ

logo-print

Էկոնոմիկայի նախարար․ Ռուսաստանի հետ գազային համաձայնագիրը պետք է վերանայել


Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Ընդամենը երկու տարի է անցել, ինչ Երևանն ու Մոսկվան կնքեցին գազային աղմկահարույց համաձայնագիրը, սակայն հայաստանյան իշխանությունները արդեն բողոքում են փաստաթղթից՝ հայտարարելով, որ այն պետք է վերանայվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ Ռուսաստանի հետ գազի և այլ հումքային ապրանքների առևտուրն իրականացնելիս պետք է հրաժարավել դոլարից․ - «Որպեսզի հնարավոր լինի, մի կողմից, չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցել այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այս նույն հումքի գների հետ: Սա նշանակում է վերանայել նաև համաձայնագիրը»:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործող գազային համաձայանագիրը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցելության ժամանակ: Նշված փաստաթղթով իշխանությունները «Գազպրոմ»-ին հանձնեցին «Հայռուսգազարդ»-ում Հայաստանին պատակող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, քանի որ անակնկալ կերպով պարզվեց, որ Հայաստանը ռուսաստանյան մոնոպոլիստին պարտք է 155 միլիոն դոլար ավելի վաղ մատակարարված գազի դիմաց:

Անցած հինգշաբթի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցելության ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանի հետ սահմանին գազի գինն իջնելու է 15 դոլարով, և հազար խորանարդ մետրի համար ռուսաստանյան «Գազպրոմ Արմենիա»-ն սահմանին այլևս վճարելու է 150 դոլար:

«Պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար», - ասել էր Ռուսաստանի վարչապետը:

Եթե Մեդվեդևը կարևոր համարեց գազի գնի իջեցումը, ապա Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց՝ նման իջեցումը անէական է Հայաստանի տնտեսության համար․ - «Անշուշտ, յուրաքանչյուր գնի իջեցում, անկախ նրանից, թե ինչ ծավալի է, դա դրական է: Սակայն տվյալ դեպքում 15 դոլարի իջեցումը որպես Էկոնոմիկայի նախարար, ես չեմ կարող համարել էական նպաստ մեր տնտեսության մեջ ինքնարժեքի իջեցման առումով»:

Մեդվեդևի հետ բանակցություններից հետո (անցած հինգշաբթի) վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նվազելու է գազի գինը Հայաստանի բնակչության, ձեռնարկությունների համար: Վարչապետը խոստացավ քննարկումից հետո պատասխանել: Շուտով կլրանա մեկ շաբաթը, սակայն իշխանությունները դեռ որևէ բան չեն ասել:

Այսօր հարցի պատասխանը չգիտեր նաև Էկոնոմիակայի նախարարը՝ խորհուրդ տալով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, գտնվելով գազով հարուստ Իրանի հարևանությամբ՝ Հայաստանի իշխանությունները հանրությանն անհայտ պատճառով որոշեցին երկիր սպառման համար գազ ներմուծել միայն Ռուսաստանից, ողջ ենթակառուցվածքը հանձնել այդ պետությանը, ինչի հետևանքով Ռուսաստանն է որոշում Հայաստան առաքվող գազի գինը:

«Այդ պարագայում ցանկացած պայմանագիր գազի մատակարարման մոնոպոլիա ունեցող ընկերության հետ, պիտի կասկածներ առաջացնի: Եվ այն ժամանակ էլ այդ կասկածները հնչում էին: Ընդամենը շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ կասկածները տեղին էին․ ռուսական գազը ազատ շուկայում՝ Եվրոպայում, էժանացել է երկու անգամ: Իսկ Հայաստանում՝ ընդամենը 20 տոկոսով»:

XS
SM
MD
LG