Մատչելիության հղումներ

Ուկրաինայի քաղաքական կուլիսներում քննարկում են նոր կառավարության կազմը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն (կենտրոնում) զրուցում է վարչապետ Արսենի Յացենյուկի և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի հետ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն (կենտրոնում) զրուցում է վարչապետ Արսենի Յացենյուկի և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի հետ, արխիվ

Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման փորձերը մտել են նոր փուլ:

Վերջին ժամերին, ըստ Գերագույն ռադայի միջանցքներում հայտարարություններ հնչեցնող պատգամավորների, Գերագույն ռադայի ներկայիս նախագահ Վլադիմիր Գրոյսմանը երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ փորձում է համաձայնեցնել նոր կառավարության կազմը:

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Գերագույն ռադայի գլխադասային հանձնաժողովը հավանության է արժանացրել Արսենի Յացենյուկի հրաժարականը հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծը: Փաստաթուղթը պետք է քվեարկության դնեն Գերագույն ռադայի նիստերի դահլիճում:

Կիրակի օրը հրաժարական ներկայացնելու վերաբերյալ Յացենյուկի պատրաստակամությունից հետո երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածության շուրջ կա անհամաձայնություն և հենց այդ հանգամանքը դարձավ խորհրդարանական վերադասավորումների պատճառ:

Այսօր արդեն Գերագույն ռադայի փոխնախագահը հայտարարեց, որ «Պետրո Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունը համալրվել է 4 պատգամավորով, այսպիսով Պորոշենկոյի հենարանը Ազգային ճակատ կուսակցության հետ խորհրդարանում ունի մեծամասնություն: Ըստ Գերագույն ռադայի կանոնակարգի, երկու կուսակցությունները կարող են ձևավորել կոալիցիա և կազմել կառավարություն:

Վլադիմիր Գրոյսմանը Ուկրաինայի օրենսդիր մարմնի նիստն այսօր չի վարել․ նա զբաղված է կառավարության կազմի վերաբերյալ ճշգրտումներով:

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ աղմկահարույց հայտարարություններով է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ քննադատելով Պետրո Պորոշենկոյին:

«Մայդանից հետո բարեփոխումների վերաբերյալ որևէ խոստում, նորից եմ ասում՝ բազմաթիվ խորհրդակցությունների ժամանակ հնչած որևէ խոստում չի իրականացվել»,- դժգոհել է Սաակաշվիլին՝ Օդեսայի նահանգային իշխանության տասնյակ ներկայացուցիչների հետ հրավիրած ասուլիսի ժամանակ:

«Իրական բարեփոխումների աշխատանք է պետք կատարել անհապաղ»,- ասել է Սաակաշվիլին, հայտարարելով, որ իրավիճակի համար պատասխանատու են ոչ միայն հրաժարական տված Յացենյուկը, այլև՝ Պորոշենկոյին:

Սաակաշվիլին պատգամավորներին հորդորել է չհաստատել ներկայացվելիք կառավարության այն կազմը, որը, նրա խոսքով՝ «ի սկզբանե կլանային է, ծառայում է օլիգարխիկ շահերին, ոչ թե ուկրաինացի ժողովրդին»:

Սաակաշվիլին նաև կոչ է հղել Պորոշենկոյին՝ դժգոհելով Օդեսայում բարեփոխումների իրականացման խոչընդոտներից, անհիմն քրեական հետապնդումներից և պահանջել է վերջ դնել դրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG