Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով


Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.
Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.

Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Այսօր նման հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

Սարգսյանն ընդգծել է, որ խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաև Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղին հանձնված ԼՂ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա։

«Սա Լեռնային Ղարաբաղի դեմ զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։ Կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ բացահայտ մարտահրավեր նետելով վերջինիս։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես Ժնևյան կոնվեցիաների 1-ին հոդվածի, բոլոր երկրները պարտավորվում են ոչ միայն ցանկացած հանգամանքներում պահպանել, այլև ստիպել պահպանելու կոնվենցիաների նորմերը», - իր հայտարարությունում ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերի մասին և հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլև ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG