Մատչելիության հղումներ

logo-print

«Լը Մոնդ». Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա


Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորները շփման գծում, 5-ը ապրիլի, 2016թ.

Ֆրանսիական պարբերականի թղթակիցը՝ շփման գծում մարտական գործողությունների մասին։

«Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով, մարդկանց թվում էր, թե 1994 թվականի հրադադարից հետո խաղաղությունը հարատև կլինի, մինչդեռ մարդիկ սխալվել են», - գրում է «Լը Մոնդ»-ի թղթակից Բենուա Վիտկինը՝ «Լեռնային Ղարաբաղը՝ մշտական պատերազմական իրավիճակում» վերնագրի ներքո։

Ֆրանսիական հեղինակավոր պարբերականի թղթակիցը ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններին տեղում է հետևել։

«Թալիշը միշտ էլ եղել է որպես ճակատային գիծ։ 1994 թվականի հրադադարից ի վեր այդ բնակավայրը կրակահերթերի թիրախ էր», - նշում է ֆրանսիացի լրագրողը։

Ծավալուն իր հոդվածում հեղինակը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը։ Վերադառնալով անցյալ դարասկզբի իրադարձություններին՝ գրում է, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձավ Ստալինի թեթև ձեռքով։ «Մինսկի խումբը այդպես էլ չկարողացավ դիվանագիտական լուծում գտնել։ Ադրբեջանի հարձակման նպատակները դեռ հայտնի չեն, կա՛մ Բաքուն փորձել է շոշափել Ղարաբաղի պաշտպանունակությունը, կա՛մ աշխարհին հիշեցնել մոռացված հակամարտության մասին, կա՛մ էլ, միգուցե, Թուրքիայի օգնությամբ, խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը», - ենթադրում է հոդվածագիրը։

«Լը Մոնդ»-ի թղթակցի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա։ «Ադրբեջանական զինուժի հարձակման առաջին ժամերից առաջնագիծ էին մեկնում հարյուրավոր կամավորներ՝ հայրեր ու որդիներ, թեև նման քանակությամբ զինվորների կարիք չէր զգացվում։ Ադրբեջանը հարձակվելուց երկու օր անց հայտարարեց, թե երեք բարձունք է գրավել», - գրում է ֆրանսիացի լրագրողը՝ չակերտների մեջ առնելով բարձունք բառը։

«Լեռնային Ղարաբաղի բանակի անձնակազմի թիվը ռազմական գաղտնիք է՝ 150 հազար մարդ», կատակում են տեղացիները, այլ կերպ ասած, հանրապետության ամբողջ բնակչությունը», - բացատրում է «Լը Մոնդ»-ի թղթակիցը։

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման։ «2003 թվականին հանրապետությունը չեղարկեց մահապատժի մասին օրենքը։ Կոռուպցիան այստեղ շատ ավելի նվազ է, քան հարևան Հայաստանում։ Երկրի քաղաքական գործիչները հիմնականում պատերազմի մասնակիցներ են, ովքեր համատեղությամբ նաև գործարարությամբ են զբաղվում», - պատմում է հեղինակը՝ հավելելով, որ տարիների ընթացքում Ղարաբաղում այդպես էլ չձևավորվեցին իրական ընդդիմադիր ուժեր։

«Ադրբեջանական վերջին հարձակումներից հետո այդուհանդերձ քննադատություններ հնչում են։ Ադրբեջանի զինանոցի ֆոնին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ետ են մնում։ Մարդիկ կասկածի տակ են դնում Երևանի և Մոսկվայի միությունը, քանի որ Մոսկվան Ադրբեջանին զինում է և մտադիր է պաշտպանել իր գործընկերոջը։ Քննադատությունը հնչեցնում են հատկապես ղարաբաղյան հանրությունում», - ֆրանսիական «Լը Մոնդ» թերթում գրում է Բենուա Վիտկինը։

XS
SM
MD
LG