Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. Զիջումները չեն կարող լինել միակողմանի


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արխիվ:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արխիվ:

ԼՂ ԱԺ նախագահը կասկածում է, որ Ադրբեջանը հավատարիմ մնա նույնիսկ բանակցությունների արդյունքում ստանձնած իր պարտականություններին։

Զիջումները չեն կարող լինել միակողմանի, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Այս իմաստով, այս ժամանակահատվածում, ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները թողում են հակառակ էֆեկտը՝ քանի Ադրբեջանը ցույց է տալիս ապակառուցողական՝ իրավիճակը սրելու քաղաքականություն, ես կարծում եմ, որ ոչ միայն Ղարաբաղից, այլև ընդհանուր հայկական իրականության մեջ դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով ավելի է կարծրանում և ուրիշ կերպ դա չի կարող լինել», - ասաց Ղուլյանը։

Հարցին, թե խնդիրը լուծելու համար ղարաբաղյան կողմը պատրա՞ստ է զիջումների, Ղուլյանը պատասխանեց. - «Դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ։ Ինքնապաշտպանության հանգամանքը, տարածաշրջանում մեր ձեռքբերումները պահելու, հաջողությունները ամրապնդելու այս հրամայականը մեզ հուշում է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի մենք խոսենք ինչ-որ կարգի զիջումներից՝ ունենալով այդ մշտական սպառնալիքը»։

Ղուլյանը կասկածում է, որ Ադրբեջանը հավատարիմ մնա նույնիսկ բանակցությունների արդյունքում ստանձնած իր պարտականություններին։ «Եթե մենք պատկերացնում ենք, որ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով պետք է գանք ինչ-որ մի արդյունքի, որովհետև, ամեն դեպքում, դա կարող է լինել միայն բանակցությունների արդյունք, ապա շատ կասկածելի է, որ Ադրբեջանը ինչպես այս դեպքում, այնպես էլ բոլոր մյուս դեպքերում, հավատարիմ կլինի իր ստանձնած պարտականություններին՝ նրանք նույն կարգավորումը պատկերացնում են միայն իրենց ուզածի պես, այսինքն, եթե դա այդպես չէ, ուրեմն հակված են ամեն ինչ խախտելու», - ասաց Ղուլյանն՝ ընդգծելով, որ Ղարաբաղի սպասումները ուրիշ են։

«Մեր ազդանշանները, որ մենք ամեն անգամ տալիս ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եթե նույնիսկ դա բացահայտ այդպես չէր ներկայացվում, ապա միանշանակ էր, որ Ադրբեջանն իր պատրաստվածությամբ, ներքին քաղաքականության մեջ հայատյացության չափաբաժիններն ավելացնելով, սպառազինությունների ավելացմամբ, միջազգային կառույցներին խաբելու, միջազգային կառույցներին ապակողմնորոշելու իր այս քաղաքականությամբ պարզ է, որ պատրաստվում էր մի ինչ-որ իրավիճակում, երբ որ դա հարմար լինի, ձեռնարկելու քայլեր, որոնք մոտավորապես պետք է լինեին այնպիսին, ինչպես ապրիլի 2-ին են դրանք ծավալել, և հետևաբար այսօր գուցե հենց պահն է և այդ փորձությունը ավելի ճիշտ նպատակային օգտագործելու համար հենց դա է մեզ այսօր պետք, որպեսզի նույն միջազգային կառույցների հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք անպայման այս խնդիրների վրա կոնկրետ շեշտադրումներ անենք, որ մեր սպասելիքները ուրիշ են», - ասաց Ղուլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG