Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան. Վերադարձված 18 զինվորների աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Հայաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճյունների հայտնաբերման և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:

ԿԽՄԿ-ի և Եվրոպայուն անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի աճյուն:

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949 թվականի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն:

Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG