Մատչելիության հղումներ

«The Best of Shakespeare»-ը ներկայացվում է հանդիսատեսի դատին


Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայանալիք պրեմիերայից առաջ բեմադրության ռեժիսոր Զառա Անտոնյանը շեշտեց, որ բացառապես ուսանողներն են ներգրավված ներկայացման մեջ:

«Ազատության» հետ զրույցում ռեժիսորը բացատրեց, թե ինչու է խորագիրը անգլերեն․ - «Որովհետև կարծում եմ, կա հումոր, որովհետև ներկայացումը հավաքվել է տարբեր ողբերգություններից՝ հատվածներ, երկխոսություններ: Նաև սոնետներն ենք ներգրավել: Եվ մենք կառուցել ենք մեր պիեսը: Ցանկացել ենք ստեղծել մեր դրամատուրգիան․ ինչի մասին ենք մենք ուզում խոսել: Որոշեցինք, որ Շեքսպիրը հրաշալի միջոց է: Ուսումնասիրեցինք նրա տեքստերը, և դրանց հիման վրա կառուցեցինք մեր պիեսը»:

Իսկ երիտասարդներին, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, հուզում են հավերժական հարցերը․ - «Ի՞նչ է սերը, ինչի՞ համար ես լույս աշխարհ եկել․․․ Գլոբալ թեմաներ, չէ՞: Բայց երբ փորձում ենք խորանալ, հասկանում ենք, որ դա անսահման մի պրոցես է, որ եթե մենք փորձենք այդ հարցի պատասխանը գտնել ողջ կյանքի ընթացքում, կարծում եմ, որ երևի իզուր չի լինի, որ ապրել ենք»:

Նշենք, որ երիտասարդ ռեժիսոր Զառա Անտոնյանն արդեն իսկ մի շարք բեմադրությունների հեղինակ է, որոնցից մի քանիսը միջազգային թատերական փառատոներում մրցանակների են արժանացել:

Նա նաև դասավանդում է Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում: Հարցին, թե արդյո՞ք կարելի է ակնկալել, որ ժամանակակից հայ թատրոնը ապագայում փոփոխություններ կկրի, Անտոնյանը պատասխանեց․ - «Ամենակարևորը, որ իրենք [երիտասարդները] հավատան, որ իրենք ընդունակ են ինչ-որ բան փոխելու: Փոխել այն, ինչը քեզ դուր չի գալիս: Ոչ միայն բողոքել ու դժգոհել: Շատ կարևոր է, որ դու հավատաս, որ դու այն ուժն ես, որ կարող ես ստեղծել այն միջավայրը, որտեղ դու ուզում ես ապրել, ստեղծել այն թատրոնը, որով դու ուզում ես զբաղվել»:

Թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ նույնպես թատերարվեստի ասպարեզում ունենք շատ շնորհալի երիտասարդներ․ - «Ամենակարևորն այն է, թե նրանք ինչ կրթություն են ստանում, ավելի կարևոր է, թե ինչքանում են կարողանում մշտապես կրթվել, մշտապես հետաքրքրություն ունենալ արվեստի աշխարհի նոր գաղափարների, նոր ձևերի հանդեպ: Ընդհանուր տենդենցը նա է, որ երիտասարդները Հայաստանում շուտ ծերանում են արվեստում: Շատ շուտ սկսում են այլևս չհետաքրքվել այն ամենով, ինչ կատարվում է աշխարհում: Թե չէ, կարծում եմ, ազգի պորտը չի կտրվել․ մշտապես տաղանդավոր մարդիկ ծնվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG