Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը պարտավոր են ակտիվացնել միջնորդական ջանքերը»


Հայաստանցիները հարգանքի տուրք են մատուցում Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների հիշատակին, Երևան, 10-ը ապրիլի, 2016թ.

Հայաստանցիները հարգանքի տուրք են մատուցում Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների հիշատակին, Երևան, 10-ը ապրիլի, 2016թ.

Թուրքիան և Ադրբեջանի ագրեսիան սպառնում են Հայաստանի բուն գոյությանը։

Օբամայի վարչակարգը պետք է կիրառի թիվ 907 բանաձևը

Լեռնային Ղարաբաղում արյունալի բախումների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ։ Չնայած ձեռք բերված ժամանակավոր հրադադարին` իրավիճակը մնում է չափազանց լարված։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պարտավոր են ակտիվացնել միջնորդական ջանքերը և բանակցություններում ներգրավել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։

Այս կարծիքն են The Huffington Post ամերիկյան համացանցային պարբերականում հայտնել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքի ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը։

Ամերիկյան օրենքներն արդեն ենթադրում են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ այն դեպքում, եթե այդ երկիրը դիմում է ագրեսիայի։ Բարաք Օբամայի վարչակարգը պետք է կիրառի Ազատության աջակցության թիվ 907 բանաձևը և տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ։

Թիվ 907 բանաձևը, որը 1992 թվականին վավերացել է նախագահ Ջորջ Բուշ-ավագը, արգելում է աջակցության տրամադրումը Բաքվին՝ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

«Ադրբեջանն ինքնագլուխ չի գործել»

Գրիգորյանն ու Ֆիլիպսը հիշեցնում են, որ 2008 թվականին Բարաք Օբաման հավանություն է տվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և հուսալի կարգավորմանը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնվում է Ամերիկայի հիմնարար պարտավորություններին համապատասխանող ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա»։

Ադրբեջանն ինքնագլուխ չի գործել։ Ըստ ականատեսների, Իրանի հետ սահմանի մոտ ադրբեջանցիներին օգնել են թուրք զինծառայողները, կիրառվել է թուրքական ռազմական տեխնիկա: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անմիջապես իր աջակցությունն է հայտնել Իլհամ Ալիևին՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին, իսկ Թուրքիան մինչև վերջ կսատարի այդ երկրին»։

Գրիգորյանն ու Ֆիլիպսը նշում են, որ 1992 թվականից ի վեր Թուրքիան շրջափակման է ենթարկում Հայաստանը։ Էրդողանը վիժեցրել է 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ենթադրել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում։

Ադրբեջանը հույսը դրել է նավթադոլարների վրա

Ադրբեջանը պնդում է, թե վերջին բախումներում նախահարձակ կողմը Հայաստանն է, մինչդեռ, Միջազգային խաղաղության Քարնեգիի կենտրոնը և Chatham House-ը չեն արձանագրել հայերի կողմից ազերիների վրա հարձակման փաստեր։

Ադրբեջանի վարչակարգը հույսը դրել է նավթադոլարների և «խավիարային դիվանագիտության», ինչպես նաև իշխանության գլուխ մնալու համար երկրի ներսում հիմնարար ազատությունները ճնշելու վրա։

Նավթի գնանկման և ազգային տարադրամի` մանաթի արժեզրկման հետևանքով տնտեսությունն անկում է գրանցել։ Պատերազմը, նույնիսկ եթե այն կարճատև է, նպատակ ունի շեղել բնակչության ուշադրությունը սոցիալական ճգնաժամից։

Գաղտիք չէ, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ, Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան սպառնում են Հայաստանի բուն գոյությանը։ Հայաստանը նաև լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները «շատ տպավորիչ» են որակում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգությունում։ Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար փախստական Սիրիայից։

ԱՄՆ-ի շահից բխում է կանխել լայնածավալ պատերազմը

Լեռնային Ղարաբաղը հիմա աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկն է։ Սիրիայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղում հնարավոր է [ռուս-թուրքական] «հեռակա պատերազմ»։

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահից բխում է կանխել տարածաշրջանային բարդություններով հղի լայնածավալ պատերազմը։

Լեռնային Ղարաբաղը պետք է ընդգրկվի բանակցություններում

Ռուսաստանը և Ամերիկան լրջորեն համագործակցում են Սիրիայի հարցում։ Երկու պետությունները պարտավոր են նաև ակտիվացնել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ ԵԱՀԿ-ն պետք է դիտորդներ տեղակայի Լեռնային Ղարաբաղի շուրջը և կանխի ապագա ագրեսիան։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերականգնի նախկին ձևաչափը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին։ Նրանք պետք է ընդգրկվեն նաև քաղաքական բանակցություններում, որոնք որոշելու են Լեռնային Ղարաբաղի խաղաղության և այդ տարածքի բնակչության անվտանգության հարցերը։

Միացյալ Նահանգները չպետք է փորձի սոսկ թուլացնել Ադրբեջանի ագրեսիան, Վաշինգտոնը չի կարող համակերպվել Հայաստանին զենքով սպառնալու Թուրքիայի գործելակերպին։ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու հերթական Ապրիլ 24-ի նախօրեին Ամերիկան պետք է հստակ փաստերի վրա հիմնված սկզբունքային մոտեցումով կանխի արյունալի բռնությունները Լեռնային Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG