Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Միջազգային բոլոր ատյաններում կբարձրացվի Բաքվի իրավական պատասխանատվության հարցը


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ վերահաստատելով, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ապրիլի 2-5-ը ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում, որի ընթացքում հայկական կողմին են փոխանցվել Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:

Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի պատկան մարմինների և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից մատնանշված նորմերի կոպտագույն խախտում է:

«ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր», - ասված է հայտարարությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարում է նաև, որ բոլոր միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացվելու են Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի և տարատեսակ կոնվենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG