Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Շվեյցարիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել համաձայնությունները


Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Դիդիե Բուրկհալտեր, արխիվ
Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է նաև Ջոն Քերրիի հետ։

Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շվեյցարացի իր գործընկերոջ՝ Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ: Կոչ ենք անում կողմերին՝ պահպանել հրադադարի շուրջ պայմանավորվածությունը և խախտումներ թույլ չտալ», - հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ իրենք շահագրգռված են, որ քաղաքական ուղղությամբ դրական քայլեր նշմարվեն այդ բարդ հակամարտության կարգավորման հարցում։

2014 թվականին ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, իր հերթին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային, հայտարարել է, թե Շվեյցարիան շատ մտահոգ է ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ։

«Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում փոքր-ինչ հանդարտվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, սակայն տարածաշրջանը մնում է բարդ, և հակամարտության սրացման վտանգ կա: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադրության սրումը շատ լուրջ հարց է: Կարևորում ենք երկխոսության և պայմանավորվածությունների կառուցվածքային գործընթացի կազմակերպումը», - ընդգծել է Դիդիե Բուրկհալտերը՝ արձանագրելով, որ մինչ օրս նման գործընթաց չի հաջողվել կազմակերպել, և պետք է դրանով զբաղվել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի արտգործնախարարը նախօրեին քննարկել է նաև ամերիկացի գործընկերոջ՝ Ջոն Քերրիի հետ։

Քերրին ու Լավրովը ողջունել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը տարածաշրջանում կարգավորելու համար, հայտնում է ռուսական կողմը՝ նշելով, որ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները այդ մասին խոսել են հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG