Մատչելիության հղումներ

Ադրբեջանական անկախ աղբյուրների տվյալներով, ադրբեջանական բանակը առնվազն 93 զոհ ունի


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․

Փորձագետների պնդմամբ, պաշտոնական Բաքուն նվազեցնում է զոհված ադրբեջանցի զինծառայողների իրական թվաքանակը:

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից Գերմանիայում ստեղծված «Պաշտպանական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» փորձագետները պնդում են` պաշտոնական Բաքուն նվազեցնում է ապրիլի 2-ից սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների իրական թվաքանակը:

Բաց աղբյուրների, նախևառաջ սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ կենտրոնի իրականացրած մոնիտորինգի արդյունքում փորձագետները պարզել են, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 93 զոհ է ունեցել:

Կենտրոնի փորձագետներին նաև հաջողվել է պարզել զոհերի ինքնությունը. նրանցից 52-ը ժամկետային զինծառայողներ են, 10՝ պայմանագրայիններ, ևս 10 հոգի ենթասպայի կոչում ուներ: Սպայական կազմի ներկայացուցիչների թիվը «Պաշտպանական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» ներկայացրած այս ցանկում հասնում է 21-ի: Սպաների ցուցակում աչքի է ընկնում փոխգնդապետ Մուրադ Միրզոևի անունը, ում հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր Բաքվում` Շեհիդների ճեմուղում: Ըստ ադրբեջանական աղբյուրների, 40-ամյա փոխգնդապետը հատուկ նշանակության զորքերի սպա էր, 1998 թվականին էր ավարտել Թուրքիայում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկը:

Ադրբեջանցի զինծառայողների հիշատակին հայտարարված մեկ րոպե լռությամբ մեկնարկեց նաև շաբաթ օրը Բաքվում կայացած կառավարության նիստը, որ վարում էր Իլհամ Ալիևը:

Նիստի մեկնարկին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե ադրբեջանական զորքերին ապրիլի 2-ից սկիզբ առած մարտերի ընթացքում «հաջողվել է պաշտպանել ադրբեջանական հողերը, է՛լ ավելի ամրապնդել ռազմական դիրքերը»: «Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել, որ Ադրբեջանը պաշտպանում է իր հողերը և ուրիշի հողերի վրա աչք չունի: Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի ադրբեջանական հողերի վրա երկրորդ հայկական պետություն ստեղծվի», - ասաց Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը, դիմելով կառավարության անդամներին, նաև պնդեց, թե երկրի իշխանությունները հակված են հարցի խաղաղ կարգավորմանը` տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության պայմաններում: Ըստ Ալիևի, Բաքվի այս մոտեցումը պաշտպանում են նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդները:

«Համանախագահ պետությունների ղեկավարները հանդես են եկել խաղաղ բանակցությունների անհրաժեշտության, հարցի խաղաղ կարգավորման մասին հայտարարություններով: Դա նաև մեր ցանկությունն է. մենք այսօր էլ հայտարարում ենք, որ հակված ենք բանակցային պրոցեսի [շարունակությանը]: Հուսով ենք, որ դրա արդյունքում հիմնախնդիրը կստանա իր լուծումը: Իսկ այդ լուծումը շատ պարզ է` հայկական զինված ստորաբաժանումները պետք է լքեն գրավյալ տարածքները, Ադրբեջանի քաղաքացիներն էլ վերադառնան իրենց հայրենի օջախներ, ինչից հետո արդեն տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն կհաստատվի: Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշմանը, ապա այդ սկզբունքը չպետք է խաթարի պետությունների տարածքային ամբողջականությունը», - հայտարարում էր Ալիևը Ադրբեջանի կառավարության նիստի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG