Մատչելիության հղումներ

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին հակատանկային լազերային հրթիռներ է տրամադրել


ԼՂ ՊԲ տանկը Մատաղիսի մերձակայքում, 6-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ ՊԲ տանկը Մատաղիսի մերձակայքում, 6-ը ապրիլի, 2016թ․

«Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին, ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանին զենք չվաճառել», - հիշեցնում է Վաշինգտոնում ԼՂ ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին:

Ղարաբաղյան շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրադադարի խախտումից ի վեր թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման քննարկելիս՝ բազմիցս խոսվում է լարված այս իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի և իհարկե՝ հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին:

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մուրինսոնը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի և փորձում է հստակեցնել Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի մասին իր դիրքորոշումը: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից զինամթերքի ձեռքբերման աղբյուրներին:

«Ինչպես գիտենք, Ռուսաստանը զենք է վաճառում երկու հակամարտող երկրներին, սակայն տարբերությունն այն է, որ Ադրբեջանը շուկայական գներով է ձեռք բերում այդ զինամթերքը, ինչի համար ծախսել է 2 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել նմանատիպ զենքեր գնելու նպատակով», - ասել է Մուրինսովը՝ շարունակելով․ - «Կարևոր է նշել նաև, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները, և դա, իհարկե, առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու թեմային, նշելով, որ այդ հանգամանքը միշտ էլ իրենց համար մտահոգիչ է եղել:

«Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին՝ ոչ միայն Մինսկի համանախագահող երկրներին, այլև ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանին զենք չվաճառել: Քանի որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պարզ ասում էր իր տեսակետները և ասում էր, թե ինչ էր մտադիր անել այդ զենքի հետ: Մենք շարունակելու ենք մեր կոչերը և հույս ունենք, որ այդ կոչերը ավելի ընկալելի կդառնան, քանի որ այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է և շատ հեշտ կարող է բերել աղետի և մեծ ողբերգության», - ասել է Ավետիսյանը:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը, այս թեմային անդրադառնալիս, նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հակամարտող կողմերին զենք վաճառելուց հրաժարվելը:

«Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենալու։ Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ, առաջին հերթին, Ռուսաստանում ռազմարդյունաբերական լոբբին շատ ազդեցիկ է: Բացի այդ, եթե նրանք զենք չվաճառեն կողմերին, ապա նրանց տեղը կարող է գրավել մեկ ուրիշը, և Ռուսաստանը կզրկվի կողմերի վրա զենքի վաճառքի միջոցով ազդեցության լուրջ լծակից», - ընդգծել է Բլանքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում, որը 2016-ին ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, Հայաստանի նախագահը քննարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը ցավ է զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեկնաբանելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի հետ բախումների ընթացքում հայերի մեծ մասը սպանվել է հենց ռուսական զենքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG