Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը


Լեռնային Ղարաբաղ - Զոհված զինծառայողների դիակների փոխանակումը, 10-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Զոհված զինծառայողների դիակների փոխանակումը, 10-ը ապրիլի, 2016թ․

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Բացի վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը իրազեկում է, որ համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ:

«Հիշեցնում ենք նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG