Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարներն աշխարհից պահանջում են հավասարության նշան չդնել կողմերի միջև


Ցույցը ՌԴ դեսպանատան դիմաց, 9-ը ապրիլի, 2016թ․

Ցույցը ՌԴ դեսպանատան դիմաց, 9-ը ապրիլի, 2016թ․

Նրանք նաև նամակներ հանձնեցին ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներին: Ռուսաստանի դեսպանատունն անարձագանք թողեց այդ գործողությունը:

Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր Երևանի կենտրոնում բողոքի ցույց անցկացրեցին՝ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին կոչ անելով ղարաբաղյան հակամարտության հարցում փոխել դիրքորոշումն ու հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև։

Տարբեր գրառումներով պաստառներով Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա ռազմական գործողությունների զոհերի հիշատակը՝ անուն առ անուն հիշելով նրանց։ Այնուհետև, կազմակերպիչներից Մարինե Մանուչարյանն ընթերցեց իրենց պահանջները։ «Հակամարտության վերսկսումը կանխելու համար հարկավոր է անհապաղ դատապարտել այս ցնցող ագրեսիան և սահմանել պատժամիջոցներ՝ հրադադարը խախտած ու ագրեսիան սանձազերծած կողմի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում։ Պահանջներից մեկն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին էր ուղղված: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է դադարեցնի զենքի մատակարարումը ագրեսոր ճանաչված կողմին, պնդում էին ցույցի մասնակիցները։

Նրանք նաև պահանջում էին, որ Մինսկի խումբը միջոցներ ձեռնարկի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցած շաբաթ սկսված ռազմական գործողությունների արբանյակային լուսանկարները ստանալու համար, որպեսզի որոշի հրադադարը խախտած կողմին։ Նրանց պահանջներից էր նաև Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելը։

Ցուցարարներն իրենց պահանջներն ամփոփող նամակներ հանձնեցին Ֆրանսիայի, այնուհետև՝ Ռուսաստանի դեսպանատներին։ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը վերցրեց նամակը, մինչդեռ, Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն անարձագանք թողեց ցուցարարների գործողությունը։ Նրանք էլ որոշեցին նամակը գցել փոստարկղը՝ դրա մեջ մեկ դոլարանոց թղթադրամ տեղադրելով:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նամակ կհանձնեն նաև ԱՄՆ դեսպանությանն ու ՄԽ համանախագահներին։

XS
SM
MD
LG