Մատչելիության հղումներ

logo-print

Միջնորդներ․ «Հիմնական խնդիրը կողմերին բանակցային սեղան վերադարձնելն է»


ՄԽ համանախագահներ Իգոր Պոպով (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիք (ԱՄՆ) և Պիեռ Անդրիո (Ֆրանսիա), Երևան, 9-ը ապրիլի, 2016թ․

ՄԽ համանախագահներ Իգոր Պոպով (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիք (ԱՄՆ) և Պիեռ Անդրիո (Ֆրանսիա), Երևան, 9-ը ապրիլի, 2016թ․

Համանախագահներն այսօր Երևանում հայտարարեցին, որ ՄԽ ձևաչափի փոփոխման հարց օրակարգում չկա, խաղաղապահների տեղակայման հարց ևս չեն քննարկում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր երեք միջնորդների երևանյան համատեղ մամլո ասուլիսում հիշեցրեց, որ իրենք բազմիցս են հայտարարել «որոշակի փուլում Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու» մասին, ինչպես նախկինում էր:

«Մենք ելնում ենք այն բանից, որ խաղաղության համաձայնագրի կնքմանը նախորդելիք շրջանակային պայմանավորվածության ձեռքբերումը կարող է դրա մեկնակետը հանդիսանալ։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների առարկա է»,- ասաց Պոպովը։

Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում ունեցած հանդիպումներից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող ՄԽ համանախագահները վստահեցրին՝ վերջին օրերին իրենց առաջնահերթ նպատակները կողմերին իրավիճակի կայունացման հարցում օգնելն էր և նպաստելը, որ ռազմական գործողությունների չկրկնվելուն միտված քայլեր ձեռնարկվեն: Իսկ իրենց հիմնական խնդիրը կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է, հայտարարեցին ամերիկացի, ռուս և ֆրանսիացի դիվանագետները:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն անցկացնելու պարտավորություն՝ ճշտելու համար, թե ով է առաջինը սկսել և ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Մեր զրույցների հիմնական եզրակացությունն այն էր, որ կողմերը մտադիր են, առնվազն ցուցաբերում են պատրաստակամություն՝ պահպանելու հրադադարը, որը ձեռք է բերվել երեքշաբթի օրը Մոսկվայում»,- ասաց Պոպովը։

Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց օրակարգում չկա, ասուլիսի ժամանակ հայտարարեցին համանախագահները, հավելելով, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց ևս չեն քննարկում։ «Ենթադրվում է, որ խաղաղապահ գործողությունը պետք է իրականացվի կարգավորման եզրափակիչ փուլում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»,- հավելեց ռուս միջնորդը։ Նա նաև վստահեցրեց՝ գոյություն չունի որևէ նոր փաստաթուղթ, կամ, այսպես կոչված՝ Լավրովի առաջարկներ, շրջանառվում են միայն համանախագահների՝ վերջին տարիներին քննարկված առաջարկները:

«Դրանք հիմնված են երեք հիմնական սկզբունքների վրա, 6 բաժիններով, որոնց մասին մեկ անգամ չէ, որ միջնորդ երկրների նախագահները խոսել են։ Այդ սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց միջնորդը:

Համանախագահները նաև հայտարարեցին, որ խորապես մտահոգված են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Ասացին, որ տեսել են Թալիշում արված լուսանկարները։ Վստահեցրեցին նաև, որ իրենց հրատապ խնդիրներից է՝ հնարավորինս կարճ ժամկետներում լուծել զոհվածների մարմինների վերադարձման հարցը։

XS
SM
MD
LG