Մատչելիության հղումներ

Հոսպիտալի պետի խոսքով, նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր իր բուժումն է ստանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված 36 զինծառայող։ Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը լրագրողներին հայտնեց, որ նրանցից երկուսի վիճակը ծանր է, չորսի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

«Այդ չորս ծայրահեղ ծանր վիճակներում գտնվող զինծառայողների մեջ շարքային ծառայողների թիվը կազմում է երկուս, էն երկուսը Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ են։ Պակասել ա, եթե դուք հիշում եք, եղել ա հինգ, Բաղդասարյան Հրայրի վիճակը գնահատվում ա արդեն ծանր ծայրահեղ ծանրից, դա նշանակում ա, որ մենք ունենք դրական ընթացք բուժման մեջ», - ասաց Ասատուրյանը։

Հոսպիտալի պետի խոսքով, ծայրահեղ ծանր վիրավորներից մեկին շուտով վիրահատություն է սպասվում։ Բժիշկները սպասում են, որպեսզի նրա վիճակը փոքր-ինչ կայունանա։

«Ողնաշարի վրա մենք պետք է աշխատանք տանենք, քանի որ բեկորը ողնաշարի միջողային տարածության մեջ դեռ մխրճված ա, ինքը ունեցել ա որովայնի, կրծքավանդակի բազմաթիվ վիրավորումներ՝ և՛ թոքի վնասումով, և՛ լյարդի, և՛ փայծաղի, և՛ ստամոքսի: Մենք այն փուլը, որն անհրաժեշտ էր կյանքի ցուցումների համար, ապահովել ենք: Հիմա վիճակը երբ թույլ կտա, մենք երկրորդ փուլով ողնաշարը կվիրահատենք», - նշեց հոսպիտալի պետը։

Ըստ Ասատուրյանի, դեռ վաղ է խոսել վիրավոր զինծառայողներին դուրս գրելու մասին։ Այս օրերին նոր վիրավորների ևս չեն սպասում։

«Եթե այդպիսի հիվանդներ կան, ապա նրանց վիճակը դեռ թույլ չի տալիս տեղափոխել: Երբ որ վիճակները թույլ կտա, նրանց կտեղափոխեն անշուշտ»:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Գևորգ Խուդոյանի հայրը պատմեց, որ որդին արդեն երեք անգամ վիրահատվել է։ Զինվորը վնասվածք է ստացել գլխի շրջանում։

«Իմ տղան ծառայում էր Ջաբրաիլում, գլխից վիրավորվել ա, ինքը ասում ա ես էդ բանն եմ հիշում, որ կրակեցին, ես ընկա գետին ու ուշքի ա եկել, երկու րոպեից ուշքի ա եկել, մայկա են ճղել, վերքը կապել են, որ չարնահոսի», - «Ազատության»-ը պատմեց զինվորի հայրը։

Այսօր վերակենդանացման բաժանմունքում գտնվող Գևորգին նաև մկրտել են։ Հայրն ասում է՝ Ղազարավան գյուղը զինվորի ապաքինմանն ու վերադարձին է սպասում։

«Ծանր ա ծայրահեղ, բայց դեպի լավն ա գնում։ Որոշել ենք մկրտել իմ տղային, այսօր, գյուղապետը պետք ա ներկայանա, որպես կնքահայր, ու կկնքենք իմ տղային, հուսանք ամեն ինչ լավ կլինի»։

Ավետիս Զարգարյանի ազգականուհին էլ պատմեց, որ զինվորի վիճակի մասին երեկ են տեղեկացել ու եկել են նրան տեսակցելու։ Հայրն ու մայրը Ռուսաստանում են, ինքն էլ էր այնտեղ, եկել էր ծառայության անցնելու համար:

«Ինքը Վարդենիս ա, Զոդ գյուղից ա, հերն ու մերը Ռուսաստան են, նոր են գնացել, եկել է ծառայության, ու դեպքը պատահել ա, ողնուղեղն ա, ոտքը ձեռքը ու, ինչ են ասում բժիշկները, ռեանիմացիայում ա, չգիտենք, լսել ենք եկել ենք»:

Զինվորական հոսպիտալի բակում հավաքվածների հարազատները միաձայն պնդում էին, որ զինվորներից բոլորն էլ ապաքինվելուց հետո ցանկանում են ծառայության վերադառնալ։

«Պատրաստ են էսօր էլ նորից մարտի նետվելու, հայրենիքը պաշտպանելու, անպայման վստահաբար բոլորն էլ պատրաստ են», - ասաց նրանցից մեկը։

«Մենակ խաղաղություն տիրի աշխարհի վրա, որովհետև մենք պատերազմ ուզող ժողովուրդ չենք, մենք միշտ խաղաղության կողմնակից ենք», - նշեց զինվորների հարազատներից մյուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG